«Մակեդոնացին Արիստոտելին պարտադրում էր, որ 3 օրում իրեն մաթեմատիկա սովորեցնի, նա պատասխանեց, որ մաթեմատիկայում թագավորական գործոնը չկա, այսինքն, ոչ ոք չի կարող խաբել մաթեմատիկան: Այն ճշգրիտ գիտություն է: Եվ Տիգրան Մուկուչյանին չի հաջողվի փոխել մաթեմատիկան»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ քառօրյա նիստերը բոյկոտած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպիսի գնահատական տվեց Սահմանադրական հանրաքվեի հետ կապված:
Ըստ նրա, մաթեմատիկան ցույց է տալիս, որ ոչ-ից ձայներ են գողացվել՝ հօգուտ այո-ի. «Իրականում ՀՀ դեկտեմբերի 6-ին մասնակցել են մոտ 825 հազար մարդ, որոնցից 575 հազարը քվեարկել է ոչ եւ ընդամենը 255 հազարը՝ այո: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը վճռականորեն ոչ է ասել, իսկ իշխանական այս ընտրակեղծարարները գլխիվայր շուռ են տվել հանրաքվեի իրական արդյունքները: Սա այլ կերպ արտահայտվել, քան ժողովրդի կամքի բռնաբարություն՝ հնարավոր չէ»:
Նա ասաց, որ ընտրակեղծարարները ֆեյսբուքից փախչում են:
Հարցին՝ դա աշխատո՞ւմ է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ շատ լավ աշխատում է, եւ նոր հերոսներ են ծնվում, 20 տարեկան աղջիկը, որը պայքարել է ընտրակեղծարարների դեմ, հերոս է դառնում, 70 տարեկան կինը մի տեղ է հերոս դառնում. «Ձեւավորվում է հարգանք, սեր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտպանում են ժողովրդի ձայնը, եւ հակառակը անեծքի ու պարսավանքի են արժանանում նրանք, ովքեր կեղծել են: Բա այսպես է իշխանափոխությունը լինում: Ով ընտրատեղամասում մնաց ու պայքարեց մինչեւ վերջ՝ հաղթեց, Հանրապետակաները հիվանդացել, մեռնում էին»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ հարյուրավոր մարդկանց փոխարեն լրացրել են կեղծ անձնագրային տվյալներ, այնպիսի թվեր են անկապ լրացրել, որ մեր անձնագրերի թվերից շատ են, այսինքն, ակնհայտ է, որ կեղծ տվյալներ են,այդպիսի անձնագիր չի կարող լինել: Այդքան մարդկանց փոխարեն էլ կեղծել են:
Լեւոն Զուրաբյանն առաջարկեց, որ եթե իշխանությունները իսկապես մաքուր են, թող հրապարակեն ընդամենը 5 ընտրատեղամասի ընտրողների ցուցակները եւ ամեն ինչ ակնհայտ կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ