Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հարցին՝ ՀԱԿ-ը ուզում է ԿԸՀ-ի արդյունքները բողոքարկել, դուք չե՞ք պատրաստվում՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ սերտ համագործակցում են ՀԱԿ-ի հետ. «Մենք մեկս մյուսին լրացնում ենք, եւ համամիտ ենք այս գործընթացի վերաբերյալ բոլոր քայլերի հետ՝ թե բողոքարկելու, թե՛ վերահաշվարկ անելու»:
Անդրադառնալով վերահաշվարկի արդյունքներին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ոչ-ը հաղթել է, որեւէ մեկը հատուկ կարծիք չի գրել ՀՀԿ-ականներից, որեւէ մեկը չի բողոքել, բայց պարզվում է, որ բողոքարկում են, վերահաշվարկ են անում իբր թե, որպեսզի հասցնեն փոխեն այն ընտրատեղամասերի քվեաթերթիկները, պարկերը, որտեղ խայտառակ կեղծարարություններ են արել: Պարկերը փոխել են, ամեն ինչ արել են, բոլոր գործողությունները: Եթե իշխանությունը սթափ է գնահատում իրավիճակը, ապա մի քանի քրգործի շրջանակներում կարելի է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն դա տեղի չի ունենում: Եթե փողոցում ես կարող եմ արձանագրել, որ ինչ-որ մի քաղաքացիական հագուստով մարդ բաժանում է ոստիկանության 9-րդ ձեւը, սա նշանակում է, որ պետական մարմինների մասնակցությամբ են տեղի ունեցել խախտումները, որոնց մասնակցել են իրավապահ մարմինները: Կեղծարարներն անանուն մարդիկ չեն, ունեն անուն-ազգանուն: Հիմնական կեղծարարը Սերժ Սարգսյանն է, բայց ստորին օղակներում էլ կեղծողներն ունեն անուն-ազգանուն, բնակության վայր, դեմք: Մենք ցուցակագրում ենք հիմա կեղծարարներին եւ իրենք չեն կարող խուսափել պատասխանատվությունից»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե իրավապահներն էլ նրանց չպատժեն, պախարակվելու են հանրության կողմից, նրանց անունները, նկարները գցելու են սոցիալական ցանցեր եւ արժանացնելու են հանրային պարսավանքին. «Հանրությունը պետք է դիմադրություն ցույց տա ու պետք է այդ վարակից, այդ ախտից ազատվի: Եթե մի ընտանիքի անդամը չի ամաչելու իր մերձավորից… պետք է գործընթաց գնա, որ տվյալ անձը եղել է կեղծարար»:
Ըստ տիկին Փոստանջյանի, չի կարող այնպես լինել, որ ոչ-ը մի ընտրատեղամասում հաղթի 400 ձայնով եւ կողքի տեղամասում պարտվի 800 ձայնով:
Կարդացեք նաև
Հարցերին՝ դուք ասում էիք, որ այս իշխանությունները պետք է հեռացվեն խաղաղ ճանապարհով, բայց փորձը ցույց է տալիս, որ խաղաղ ճանապարհով դա անհնար է, եւ վերջին շրջանում Գալուստ Սահակյանն անընդհատ ձեզ զրկում է ձայնի իրավունքից, անջատում է խոսափողը, վիրավորում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ վիրավորանքներին՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ պատահաբար կոչ չի արել չվճարեն տուգանքները. «Պետք է անմիջապես կպնել իր գրպանին, եթե կպչես գրպանին, նա չի կարող վարչական այդ ռեսուրսն օգտագործել ընտրակեղծարարության համար: Կաշառելու մոտիվացիան իրենց մոտ էլ է հետ նահանջելու: Այդ համակարգված գործողությունները բերելու են նրան, որ իշխանությունը կամաց-կամաց խաղաղ ճանապարհով հետ է նահանջելու: Վենեսուելայում էլ ավտորիտար ռեժիմը նահանջեց»:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նա տարիքով մարդ է եւ հարգում է իր տարիքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ