Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ մաթեմատիկական վերլուծությամբ. «Ոչ իրական ձայները կազմում են 485 հազար»

Դեկտեմբեր 11,2015 12:18

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ներկայացրեց 2/32 ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքները: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենց դժվարությամբ է հաջողվել հասնել վերահաշվարկի, քանի որ ՀՀԿ-ն այս հարցում էլ է դիմել խարդախության. մի քանի տասնյակ վերահաշվարկներ է ներկայացրել, հետո կեղծել վիճակահանությունը, որ հերթը ՀԱԿ-ին չհասնի:

Ի վերջո, հաջողվել է, ու Լևոն Զուրաբյանը մանրամասնեց. «Այդ տեղամասում պարզվել է, որ ցուցակներում հարյուրավոր անձնագրերի համարներ նշված են մեկ կամ երկու թիվ ավելի շատ, քան ստանդարտ համարների թիվն է անձնագրերի: Ուստի դրանք բոլորը կեղծ թվեր են, մարդիկ ուղղակի նստել՝ շտապողականության մեջ լրացրել են: Մասշտաբային լցոնում և փաստաթղթերի կեղծում. նույնն է վիճակն ամենուրեք, որտեղ «այո»-ն հաղթել է:

Այնուհետև պարոն Զուրաբյանը ներկայացրեց ֆիզիկոս, ընտրական գործընթացների վիճակագրական հետազոտությունների մասնագետ Սերգեյ Շպիլկինի հետազոտությունը հանրաքվեի քվեարկության վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ հանրաքվեն կեղծվել է:

Լևոն Զուրաբյանն այս առիթով ասաց. «Որքան էլ Տիգրան Մուկուչյանն ու Սերժ Սարգսյանի կեղծարարության բանդան կեղծեն, թվեր փոխեն, միևնույն է նրանք չեն կարող  հանրաքվեի նորմալ պատկեր ստեղծել, քանի որ մաթեմատիկայի պարզ կանոնները թույլ են տալիս ճիշտ ու սխալ քվեարկությունները տարբերել: Սա ճշմարիտ գիտություն է,  հասկանում եմ, որ Էդուարդ Շարմազանովը պատմության դասագրքերից բացի այլ բան չի կարդացել, բայց միգուցե լավ կլինի՝ ինքն էլ փորձի այս մեթոդներին ծանոթանալ և հասկանալ վերջապես, որ գոյություն ունեն մաթեմատիկական ճշգրտության ապացույցներ»:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ցածր մասնակցությամբ տեղամասերում «ոչ»-ը միշտ հաղթել է, հետո գնալով ինչքան մասնակցությունը բարձրանում է, «այո»-ն թռիչքաձև վերելք  է ունենում:

Կատարված վերլուծության հիման վրա պարոն Զուրաբյանը հայտարարեց հանրաքվեի՝ իրենց համար իրական արդյունքները. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ իրական ձայները կազմում են 485 հազար:  Ուստի հանրաքվեին մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից մոտ 575 հազարը քվեարկել են «ոչ», 250 հազարը՝ «այո»: Սա ամենալավատեսական սցենարն է  այո-ականների համար: Ուստի տեղի է ունեցել մասսայական, կոպտագույն ոտնահարում հայ ժողովրդի կամարտահայտության: Գլխիվայր շուռ է տրվել հանրաքվեի իրական արդյունքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031