Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կինն ու երեխան սպառնալիքի ներքո հրաժարվում են բարձրաձայնել բռնության մասին»

Դեկտեմբեր 11,2015 11:26

«Ընտանեկան բռնության վերաբերյալ համալիր օրենք, որը կկարգավորի այս ոլորտի հետ կապված հարաբերությունները, չկա ընդունված: Կա ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքի նախագիծ, որը երկար տարիներ իր տրամաբանական ավարտին չի հասցվում: Կարծում եմ՝ դա իրավական համակարգի բացերից է»,-այսօր Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ աշխատաժողովի շրջանակում լրագրողներին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքը սահմանում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը, սակայն դա չի կարգավորում խնդիրն ամբողջությամբ. «Կա դատավարական, իրավական պաշտպանության մեխանիզմների համալիր կարգավորման անհրաժեշտություն: Իսկ թե ինչով է պայմանավորված օրենքի ընդունման ձգձգումը, չեմ կարող ասել»:

Արթուր Ղամբարյանի բնորոշմամբ, երբ ընտանիքում բռնություն է կատարվում, համապատասխան քրեական գործ կարող է հարուցվել մասնավոր բողոքի հիման վրա. «Հաճախ, երբ ստանում ենք դիմողի բողոքը, կինը կամ երեխան, որոնք բռնության զոհ են, հաշտվում են: Եվ այսպես կրկնվում է: Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականով՝ եթե բռնությունը կարող է շարունակական բնույթ կրել, վարույթ իրականացնող մարմինն անգամ տուժողի եւ դիմողի հաշտության պարագայում կարող է շարունակել նախաքննությունը: Շատ դեպքերում ընտանիքում վիճում են, բռնությունը կիրառվում է, սակայն կինն ու երեխան սպառնալիքի ներքո հաշտվում են, ինչը հետագայում ծնում է ավելի ծանր հանցագործություններ»:

Արթուր Ղամբարյանը տեղեկացրեց, որ առկա է եղել 38 քրեական գործ՝ անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների վերաբերյալ. «47 տոկոսը ընտանիքի ներսում երեխայի հանդեպ սեռական հանցագործության դեպքեր են: Կարծում եմ սա մտահոգության տեղիք պետք է տա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031