Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 11 դեպք է գրանցվել

Դեկտեմբեր 11,2015 11:14

2014թ.-ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 575, իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում՝ 645 դեպք: Մասնավորապես, կենակցի կողմից բռնության դեպքեր չեն գրանցվել, իսկ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ արձանագրվել է 392, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 11, ծնողի կողմից երեխայի նկատմամբ՝ 56, զավակի կողմից ծնողի նկատմամբ 85, ընտանիքի այլ անդամների կողմից անչափահասի հանդեպ՝ 13 դեպք: Այս մասին այսօր Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ աշխատաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

Նելլի Դուրյան

Նելլի Դուրյան

Նա ասաց, որ մինչ վարչության ստեղծումը վերոնշյալ թվերն ավելի փոքր էին, քանի որ դեպքերի մասին գրեթե չէին ահազանգում. «Այսօր մարդիկ ավելի շատ են գալիս ոստիկանություն եւ հայտնում այդ դեպքերի մասին: Օրինակ` երեկ մի 15-ամյա աղջիկ էր զանգահարել եւ ասել, որ մայրն իր հանդեպ բռնություն է կիրառում: Բռնությունների թվի աճը չի նշանակում, թե նախկինում դեպքեր չեն գրանցվել, պարզապես հիմա ավելացել է ոստիկանության հանդեպ վստահությունը»:

Նելլի Դուրյանի խոսքով՝ բռնություն կա յուրաքանչյուր երկրում. «Ոստիկանությունը որդեգրել է բռնությանը «Ոչ» ասելու քաղաքականությունը, որպեսզի հատկապես երեխաների հանդեպ բռնություն չլինի: Իսկ մյուս երկրների հետ համեմատած՝ մեր ցուցանիշները ցածր են»:

Դուրյանը նշեց, որ սոցիալական վիճակը բռնության ենթարկվելու պարտադիր պատճառ չէ. «Հիմնականում բռնություն կատարում են նրանք, ովքեր ընտանիքում նախկինում բռնության են ենթարկվել, ականատես են դարձել կամ զոհ եղել բռնությանը: Այն ընտանիքներում, որտեղ ծնողները միայնակ են, գրանցվում են բռնության հիմնական դեպքերը»:

Անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետը նաեւ ասաց, որ հարեւանների ընտանիքներում բռնության մասին ահազանգերը շատացել են, թեեւ մարդիկ խնդրում են չբացահայտել իրենց ինքնությունը՝ մտահոգվելով այլ ընտանիքի երեխայի ճակատագրով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031