Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճիռը՝ հեռախոսով կամ վարչական դատարանի նորամուծությո՞ւնը

Դեկտեմբեր 11,2015 10:54

Իրականում շատ դժվար է պատկերացնել այս դեպքը, որին ես ոչ միայն ականատես եղա, այլեւ մասնակից: Խորհրդային տարիներին «Հատուկ չես հնարի» վերնագրով մի հաղորդում կար, որտեղ ներկայացվում էին զավեշտալի, շատ անգամ անիրական թվացող դեպքեր: Այս պատմությունը խորհրդային այդ նախագծի արդի հայաստանյան արտացոլումն է:

Անի Հարությունյան. Լուսանկարը՝ www.court.am-ից

Անի Հարությունյան. Լուսանկարը՝ www.court.am-ից

Ուրեմն, այս տարվա դեկտեմբերի 10-ին, ՀՀ Վարչական դատարանի 319 դահլիճում, 17.50-ին  դատավոր Անի Հարությունյանը պետք է վճիռ հրապարակեր: Սովորությանս համաձայն՝ ժամանակից 10 րոպե շուտ էի եկել: Դահլիճը բացվեց: Նիստերի քարտուղարը ինչ-որ մեկին հեռախոսով զեկուցեց դահլիճում ներկա գտնվողների մասին: Նստած էինք:

Իմ ժամով 17.52 րոպեին դահլիճ մտավ ինչ-որ մի երիտասարդ աղջիկ(՞),  մոտեցավ ինձ եւ ասաց, որ դատավորը խորհրդակցության է, եւ վճռի հրապարակում չի լինելու(՞), իսկ վճռի օրինակն իրենք կուղարկեն փոստով: Հետաքրքրվեցի, թե ի՞նչ վճիռ է կայացվել: Երիտասարդ աղջիկը խոստացավ տեղեկանալ(՞) եւ վերադառնալ դահլիճ: Մի քանի րոպեից նա ասաց, որ գործերը դատավորի մոտ են եւ նա չի կարողացել պարզել վճռի բովանդակությունը(՞): Միեւնույն ժամանակ աղջիկը խոստացավ որոշ ժամանակ անց պարզել ամեն ինչ(՞) եւ ինձ հեռախոսով տեղյակ պահել(՞): Ես տրամադրեցի նրան իմ հեռախոսահամարները եւ դուրս եկա դատարանի շենքից:

20-25 րոպեից, երբ արդեն նստած էի համակարգչիս դիմաց եւ գրում էի այս տողերը, զանգահարեց «դատարանի աղջիկը» եւ վերջապես «հրապարակեց» դատարանի վճիռը:

Ինչպես երեւում է, խոսքս վճռի բովանդակությանը չի վերաբերվում: Խնդիրը դատարանի գործելաոճի մեջ է: Փաստորեն, Հայաստանի Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը շրջանառության մեջ դրեց մեզ համար մի նոր գաղափար՝ դատավճիռ հեռախոսով: Հատկանշական է, որ նորամուծությունն իրականացվեց ՀՀ Սահմանադրության նոր նախագծի հանրաքվեից օրեր անց: Ենթադրեցի, որ այն պետք է որ համահունչ լինի Սահմանադրության նոր նախագծի տառին եւ ոգուն:

Եվ եթե այսպես շարունակվի, ապա դատական նիստերը եւս կարելի է հեռախոսակապի միջոցով անցկացնել: Իսկ միգուցե դատական քննարկումներն էլ SMS հաղորդագրություններո՞վ կազմակերպվի, իսկ քննչական գործողությունները՝ Ֆեյսբուքո՞վ:

Սակայն, եթե լուրջ, ապա ըստ գործող Սահմանադրության 91-րդ հոդվածի՝ « Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից»: Ենթադրում եմ, որ դրանք պետք է ընդունվեն եւ հրապարակվեն Սահմանադրությամբ եւ օրենքով լիազորված դատավորների կողմից, դատարանների շենքերի դատական դահլիճներում, հոտնկայս, ՀՀ պետական զինանշանի եւ դրոշի ներքո: Իմ այս  դեպքում դա պետք է կատարվեր Վարչական դատարանի 319 դահլիճում, դատավոր Անի Հարությունյանի կողմից: Մինչդեռ ինձ համար վճիռ ոչ թե հրապարակվում այլ կարդացվում էր   դատարանում աշխատող երիտասարդ աղջկա շուրթերով, BEELINE եւ VIVA-CELL օպերատորների օգնությամբ:

Ես վճիռը ունկնդրում էի իմ աշխատասենյակում նստած սրճելիս: Կարելի է ենթադրել, որ վճիռ կարդացողը նույնպես ազատ ոճի մեջ էր: Եվ ի՞նչ… Այնուամենայնիվ, եթե դատական այս ընթացակարգը կա եւ նույնիսկ կիրառվում է, ուրեմն գործ ունենք դատարանի կողմից, շրջանառության մեջ դրված նորամուծության հետ:

Իսկ ի՞նչ իրավական հիմք ունի կիրառված նորամուծությունը եւ ի՞նչ ապագա այն կունենա, կերեւա այն  ժամանակ, երբ այս հրապարակման շնորհիվ, խնդիրը քննարկման առարկա դառնա Արդարադատության խորհրդում:

ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031