Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, հայտարարեցին ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, որտեղ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում:
«Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով անցած երեկոյին ներկա էին ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ, Ամերիկան իմ կարծիքով, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ եւ համապարփակ՝ Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով», – հայտարարեց ԱՄՆ-ի կոնգրեսական Ռոբերտ Դոլդը:
Նշենք, որ Կոնգրեսում անցնող միջոցառման ընթացքում մի շարք անձինք Կոնգրեսի շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում հայտարարում էին, թե Երեւանը գտնվում է Մոսկվայի ազդեցության տակ, եւ մեղադրում էին Հայաստանին` ադրբեջանական հողերը գրավելու մեջ: Մինչ դրսում ընթանում էր բողոքի ցույցը, ներսում կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրեց կրակի հետ խաղ անելու մեջ:
Կարդացեք նաև
«Սա մահացու վտանգավոր, պատերազմական եւ սադրիչ գործելաոճ է Ադրբեջանի կողմից եւ մեր դիվանագետները պետք է այն անվանեն իրական անունով», – ընդգծեց Շիֆը:
Շնորհակալություն հայտնելով հավաքվածներին՝ Կարեն Միրզոյանը ավելացրեց, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմն անընդմեջ խախտել է զինադադարը:
Զինադադարի պահպանման հարցին էր նվիրված Միացյալ Նահանգների ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Կոնգրեսականը հիշեցրեց, որ ստացված հաղորդումների համաձայն, շփման գծում վերջին օրերի ընթացքում արձակվել է 1500 փամփուշտ ու արկ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում