Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ, անզգուշությամբ մահ առաջացրած վարորդը՝ Սաշիկ Ղազարյանը, օրեր առաջ Գորիսի դատարանի կողմից դատապարտվեց մեկ տարի ժամկետով ազատազրկման, զրկվելով նույնքան ժամանակով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատարանը սահմանեց փորձաշրջան 1 տարի ժամկետով: Սաշիկ Ղազարյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա:
«Առավոտի» տեղեկություններով, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:
Տուժողի իրավահաջորդն օտարերկրացի է՝ իտալացի Սանդրո Նաննուչչին: Նրա քաղաքացիական հայցը դատարանը բավարարեց մասնակի. ամբաստանյալ Սաշիկ Ղազարյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Ս. Նաննուչչիի կբռնագանձվի մեկ միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ` որպես Ֆ. Մաքքիի հուղարկավորության եւ գերեզմանի կառուցման համար հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս, իսկ մնացած մասով հայցը թողնվեց առանց քննության` տուժողի իրավահաջորդ Սանդրո Նաննուչչիին իրավունք վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացնել դատարան:
Նշեմ, որ տուժողի իրավահաջորդ Սանդրո Նաննուչչին, որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնաս, խնդրել էր ամբաստանյալ Սաշիկ Ղազարյանից բռնագանձել 253.064.25 եվրո գումար:
Կարդացեք նաև
Ըստ դատարանի, տուժողի իրավահաջորդ Ս. Նաննուչչիի կողմից ներկայացված մնացած հայցը համարվեց, որ «այն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս չէ»:
Ամբաստանյալը ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց գյուղի բնակիչ էր, ՀՀ եւ ՌԴ քաղաքացի, միջին մասնագիտական կրթությամբ, ամուսնացած, երկրորդ խմբի հաշմանդամ, բնակվել է եւ ՌԴ Լենինգրադի շրջանի Բուգր գյուղի Շոսեյնայա 34Բ հասցեում, եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 42/2 հասցեում:
Նա իր մորաքրոջ որդի՝ Սեդրակ Գրիգորյանին պատկանող «Նիսսան Պատրոլ» ավտոմեքենայով, Տաթեւ գյուղից Սվարանց գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, «արգելակման ոտնակի փոխարեն սեղմելով վառելիքի մատուցման ոտնակը», դուրս է եկել երթեւեկելի գոտուց դեպի Տաթեւի եկեղեցի տանող հետիոտնային արահետ՝ վրաերթի է ենթարկել Իտալիայի Հանրապետության Ֆլորենցիայի քաղաքացի Ֆրանկա Մաքքիին, որի հետեւանքով վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:
Սաշիկ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք էր տվել, որ նշյալ ավտոմեքենայով դուրս է եկել Սվարանց գյուղից եւ եղբորորդի Արմեն Ղազարյանի հետ ուղեւորվել դեպի Տաթեւի ճոպանուղի: Հասնելով Տաթեւի ճոպանուղու մոտ, մեքենան կանգնեցրել է ճոպանուղուն զուգահեռ ուղղությամբ, ծառի տակ՝ Սվարանց գյուղի ուղղությամբ: Ըստ ցուցմունքի, «վերադառնալով նստեցի ղեկին, միացրեցի մեքենայի շարժիչը եւ արգելակի ոտնակի փոխարեն շփոթմամբ կտրուկ սեղմել եմ վառելիքի մատուցման ոտնակը, որի հետեւանքով մեքենան առաջ ընթացավ: Ավտոմեքենան կանգնեցնելու նպատակով մինչ շրջադարձին հասնելը փակեցի մեքենայի շարժիչի բանալին, որի պատճառով չկարողացա թեքել արգելակված ղեկը եւ աջ շրջադարձ կատարել: Արդյունքում՝ ավտոմեքենան դուրս եկավ երթեւեկելի մասից, մտավ ճանապարհները բաժանող կանաչ գոտի, որտեղից էլ Տաթեւ եկեղեցի տանող ավտոճանապարհ: Մեքենան բախվեց հետիոտնային արահետի սկզբնամասի աջ եզրին գտնվող մետաղյա սյանը»: Ավտոմեքենան դեպի ձախ ուղղություն է վերցնում, մտնում հետիոտնային արահետ եւ վրաերթի ենթարկում ճանապարհի արահետի ձախ եզրով քայլող Ֆրանկա Մաքքիին, ապա բախվում է ճանապարհի ձախ եզրին գտնվող տեղեկատվական վահանակին եւ կանգ առնում:
Վարորդն, ի դեպ, վնասվածքներ չի ստանում, իսկ ուղեւորը՝ Արմեն Ղազարյանը, ստանում է թեթեւ վնասվածքներ: Ըստ գործի նյութերի, Ֆրանկա Մաքքիին տեղափոխել են «Գորիսի» հիվանդանոց, ապա «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Վարորդը խնդրել էր իր նկատմամբ մեղմ վերաբերվել:
Իտալացին հայտնել էր, որ ինքը եւ կինը՝ Ֆրանկա Մաքքին, Տաթեւ գյուղի Տաթեւի եկեղեցի գնալու նպատակով նստել են Տաթեւեր ճոպանուղին: Շուրջ 12 րոպե անց, հասնելով ճոպանուղու Տաթեւ գյուղի վերջնակետ՝ իջել, ոտքով քայլել են դեպի Տաթեւի եկեղեցին: Աստիճաններից իջնելիս, կինը մոտ 10 մետր հետ է մնացել, որպեսզի հեռախոսով զրուցի որդու հետ: Այդ պահին մեքենայի ու մարդկանց խուճապի ձայներ է լսել. «Շրջվելով տեսել է, թե ինչպես է սպիտակ գույնի մի մեծ ավտոմեքենա, աստիճանների աջ կողմից դեպի ձախ, ուղիղ գալիս դեպի Ֆրանկան: Ավտոմեքենան առաջամասով հարվածել է նրան, որի հետեւանքով վերջինս երեսնիվայր ընկել է գետնին ու գլուխը հարվածել քարերին: Այնուհետեւ ավտոմեքենան, անցնելով Ֆրանկայի վրայով, շարունակել է ընթանալ վանքի ուղղությամբ եւ մոտ 15 մետր անցնելուց հետո բախվել է ձախ կողմում տեղադրված տեղեկատվական վահանակին ու կանգ առել»:
Մեքենայի զննության արձանագրության համաձայն, հետեւի եւ աջ կողային ապակիները կոտրված էին, առջեւի «թափարգելի կենտրոնական հատվածը ներհրված է», աջ առջեւի անվաթեւի առջեւի հատվածը նույնպես ներհրված է, շարժիչի ծածկոցի դիմային հատվածը ծռմռված եւ՝ «դեֆորմացված է, դեֆորմացված է նաեւ աջ առջեւի դուռը»:
Նկատենք, որ նախաքննության ժամանակ ցուցմունք տված հայ վարորդը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ:
Վարորդը եղել է սթափ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12..2015