Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարի ծաղիկները»՝ 100-րդ անգամ

Դեկտեմբեր 11,2015 14:00

Երեւանի մնջախաղի պետական թատրոնում (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան) Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» միմոդրաման դեկտեմբերի 17-ին կխաղացվի 100-րդ անգամ:

«Առավոտի» հետ զրույցում Ժիրայր Դադասյանը նշեց, որ իր ռեժիսուրայով «Չարի ծաղիկները» բեմադրվել է 1999թ.: «1997-2000թթ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը աջակցում էր երեւանյան թատրոններին՝ «Ֆրանսիական թատրոնը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որի մտահղացումն ու իրականացումը «Faeton» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Տիգրան Մխոյանինն էր: Մեր թատրոնում բեմադրվեց նաեւ Ժակ Պրեվերի «Ինչպես նկարել թռչուն» լիրիկական կատակերգությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ապա փոքր-ինչ մանրամասնեց. «Հիշյալ ծրագրի շրջանակներում տարբեր թատրոններում բեմադրվեցին շուրջ 20 ներկայացումներ, այդ թվում՝ դրամատիկականում՝ Մոլիերի «Ակամա բժիշկը», Իոնեսկուի «Արքան է մեռնում», Համազգայինում՝ Մոլիերի «Տարտյուֆը», նույնիսկ Հանրային հեռուստատեսությունում՝ Սարտրի «Պատը» եւ այլն»:
Անդրադառնալով «Չարի ծաղիկներին», պարոն Դադասյանը հայտնեց, որ այս ստեղծագործությունը վերցրել էր հեղինակի նույնանուն ժողովածուից ու կառուցել կոնկրետ 4 բանաստեղծությունների հիման վրա՝ «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը» եւ «Տիրամայր»: Իսկ միմոդրամայի գլխավոր հերոսը ռեժիսորի՝ Դադասյանի մտահղացմամբ հենց հեղինակն է, որը ստեղծելով տարբեր կանանց կերպարներ, միջամտում է նրանց կյանքին՝ փնտրելով իդեալական կնոջ կերպարը: Բայց չգտնելով վերջինիս, հրաժեշտ է տալիս երկրային կյանքին:

Jirayr_Dadasyan-2

Ժիրայր Դադասյան

Խաղացանկային հերթական ներկայացում ընտրելիս կամ սցենարը գրելիս ինչո՞ւ է անդրադառնում հատկապես հանրությանը քիչ կամ գրեթե անծանոթ թեմաների, օրինակ՝ «Շերանիկ», «Արդաղիոն», «Այծ-ծես»: Մեր այս հարցին՝ Ժիրայր Դադասյանը պատասխանեց. «Ասելիքս անմնացորդ տեղ հասցնելու համար ընտրում եմ նյութեր, որոնց «խոսքն» առավել պատկերային է, քանի որ մնջախաղը զուտ պատկերային արվեստ է»: Հետո էլ ընտրեց խաղացանկային շուրջ 10 ներկայացումներից մեկը՝ «Շերանիկը», որի օրինակով էլ բացատրեց իր իսկ ասածը: «Շերանիկը» բեմադրվել է Հաղպատի Ավետարանի մոտիվներով, իսկ դա մեզ հասած միակ ձեռագիր մատյանն է, որ ստեղծվել է 13-րդ դարի սկզբին Անիում: Այս Ավետարանում զետեղված մանրանկարները այնքան ցայտուն են ներկայացնում այդ ժամանակաշրջանի Անիի բնակիչների կենցաղը, որ պարզապես ցանկություն առաջացավ մոտս անդրադառնալ մեր իսկապես հռչակավոր երբեմնի մայրաքաղաքային մշակույթին: Նաեւ խնդիր էի դրել հենց իմ առաջ՝ վերհանելու հայկական ազգային մնջախաղի տարրերը»,- ասաց մեր զրուցակիցը: Էլ ավելի մանրամասնելով՝ պարոն Դադասյանը հիշեցրեց, որ մնջախաղի թատրոնում ռեժիսորն է հանդիսանում բեմադրության հեղինակը, իսկ ինքը սցենար չի գրում, այլ նկարում է, կինոյի լեզվով ասած՝ «ռասկադրովկա» անում: Նշեց նաեւ, որ «Շերանիկը» բեմադրվել է 2005թ. (փաստորեն, այս ներկայացումը խաղացանկում է արդեն 10 տարի):

sheranik

«Շերանիկ»

Անդրադառնալով «Չարի ծաղիկներին», ռեժիսորը հիշեց, որ 2000թ. այդ բեմադրության համար ստացել է «Արտավազդ» մրցանակը, շեշտելով, որ մրցանակաբաշխությունը սկսվել է հենց այդ թվականից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Տեսարան՝ «Չարի ծաղիկներից»:

«Առավոտ» օրաթերթ
10.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031