Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացավ անկրկնելի «Ջոնին»

Դեկտեմբեր 11,2015 13:30

Վարդուհի Վարդերեսյանի հիշատակին

1977թ. հունվարի 23-ին Սպիտակի ժողովրդական թատրոնը ելույթ էր ունենալու Երեւանում, հեռուստատեսությամբ, բաշկիր դրամատուրգ Ազատ Աբդուլինի «13-րդ նախագահը» դրամայով: Մասնակցելու էի նաեւ ինքս: Այդ պատիվը մեր ժող. թատրոնը «նվաճել» էր պրոֆեսիոնալիզմի հասնող դերակատարումներով, ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանի կողմից ներկայացումը կայացնելու, նաեւ արվեստագիտության դոկտոր Վարսիկ Գրիգորյանի ազնիվ ջանքերի շնորհիվ: Ներկայացումն առավոտյան էր նկարահանվելու: Իսկ երեկոյան, Սունդուկյանի անվ. Ակադեմիական թատրոնում Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» դրաման էր՝ Վարդան Աճեմյանի հանճարեղ բեմադրությունը… Նոր էի ամուսնացել, եւ մի կերպ, երկու տոմս գնելով, կնոջս հետ գնացինք ներկայացումը դիտելու: Պարտերից կնոջս ցույց տվեցի Վ. Աճեմյանի օթյակը, որտեղից նա միշտ հետեւում էր ներկայացումների ընթացքին: Այդ պահին նա դեռ օթյակում չէր: Ներկայացումն սկսվելուց մի քանի րոպե անց, կինս հայտնեց, որ Վ. Աճեմյանն արդեն օթյակում է: Ներկայացումով տարված, ես խնդրեցի այլեւս չանհանգստացնել ինձ: Ջոնին արդեն «նվաճել» էր ինձ ու կաթվածահար արել իմ երկրային կյանքը… Միայն վեջում, որոտընդոստ ծափերն ու բրավոների տարափը «հետ բերեցին» ինձ դահլիճ… Մենք արագորեն դուրս եկանք ու շտապեցինք ծառայողական մուտք, ուր «ասեղ գցելու տեղ» չկար: ՆՐԱՆ տեսնելու հույսս կորցրած, կնոջս հետ վերադարձանք հյուրանոց …
Վ. Աճեմյանի մահից անմիջապես հետո, սունդուկյանցիներն, ի հիշատակ նրա, կրկնեցին ներկայացումը: Առանց տոմս գտնելու հույսի, մեկնեցի Երեւան: Շնորհակալ եմ իմ բախտից եւ բոլոր այն մարդկանցից, ովքեր օգնեցին մի կերպ ներս սողոսկել թատրոն եւ աթոռի վրա տեղավորված նայել ներկայացումը: Ոտքից գլուխ սեւազգեստ Մետաքսյա Սիմոնյանի ազդեցիկ ելույթից հետո սկսվեց ներկայացումը եւ ավարտվեց ավելի բուռն բացականչություն-բրավոներով, քան նախորդը: Ես դարձյալ շտապեցի ծառայողական մուտք: Ոչ մի նշանակություն չուներ մե՞կ, թե՝ հինգ ժամ կսպասեի ՆՐԱՆ: Վերջապե՛ս… Դռների մեջ երեւաց 49-ամյա փոքրամարմին Վարդուհի Վարդերեսյանը՝ 11-12-ամյա Ջոնիի դերակատարը: Նրա վեհանձն պահվածքն ու փառահեղ քայլվածքը ապացուցում էին, որ փոքրամարմին մեծատաղանդները «բարձրահասակ» են բոլորից: Զարմանքս ահագնացավ, երբ ՆԱ զրուցելով առաջ էր գալիս: Ես զարմացած էի դերասանուհու զարմանալի կերպարանափոխության համար, որ եզակի անհատականություններին է հաջողվում:

Vardui_Varderesyan

Ծափահարությունների տարափի տակ ՆԱ առաջ էր գալիս: Ու, երբ հասավ ինձ, ես ծնկաչոք դիմավորեցի ՆՐԱՆ: ՆԱ բարձրացրեց ինձ, հարցրեց անունս, ապա «Սպարտակ, բարեկամս», ասելով, թեթեւակի շփեց թեւքս ու առաջ անցավ: Այդ օրվանից ՆԱ իմ կուռքը դարձավ, ես՝ ՆՐԱ բարեկամը: Տարիներ են անցել: Սակայն այդ անմոռանալի օրը իմ պայծառ հիշողությունների աստղաբույլի մեջ ամենափայլուն աստղն է մնացել: Այդ տարիների ընթացքում ես հասկացա, որ նման կերպարանափոխությունը հանճարներին հատուկ շնորհ է՝ ի վերուստ: Տարիների ընթացքում մենք ավելի մտերմացանք: Երբեմն ինձ ներկայացումների էր հրավիրում: Այդպիսի մի հրավեր ստացա «Հավերժի կղզին» ներկայացման համար, որ հիշողությանս մեջ հավերժացավ Վարդուհու հետ միասին: Իմ սովորության համաձայն, ներկայացման վերջում շտապեցի թատրոնի ծառայողական մուտք: Այլեւս գոյություն չուներ նախկին մարդաշատությունը: Այժմ ոչ թե ասեղ գցելու տեղ, այլ՝ ասեղ գցող էլ չկար… Նա երեւաց, վերջապե՛ս: Հանգիստ ինձ մոտեցավ: Աչքերի մեջ սառը, անբացատրելի թախիծ նշմարեցի, մառախլապատ թախիծ: Տեսնել էր պետք, միայն՝ տեսնել… Սակայն, ինչպես միշտ՝ պայծառ էր այդ թախիծը, հավերժ պայծառ իր արվեստի նման: Որքան հասկացա՝ ներկայացումը նրա համար դեռ չէր ավարտվել: Այդ տխրությունն արվեստասերների սակավությունից էր նաեւ: Ես զարմացած ու լռկված նրան էի նայում:

«Սպարտակ, բարեկամս, դե խոսիր»,-ինձ է դիմում: Իսկ ես, կարծես երկյուղած, շարունակում եմ նրան նայել, հասկանալու համար այդ անզուգական հսկայի ուժը, նրա արվեստի փոթորկող ու փոթորկվող ելեւէջները, նրա զարմանալի գրավչությունը բեմում եւ կյանքում: Ես չէի կարողանում խոսել: Վարդուհու ներկայությունը երբեմն ճնշում էր ինձ: Նրա կողքին խեղճ ու անօգնական էի զգում: Բայց եւ հոգեպես վեհացած, քանզի նրա կողքին էի… Սա էլ նրա արվեստի նման անբացատրելի մի առեղծված էր, կարծես: Երբեմն թվում էր, թե նրա արվեստի ուժից էր, զորավոր արվեստի, որով բեմի փոքրամարմին տիրուհին լցնում էր հսկայական այն բեմերը, որոնցում խաղում, ապրում ու ապրեցնում էր իր հրաշակերտած կերպարների ճակատագրով ու կախարդում բոլորին…Վարդուհի Վարդերեսյանն այն հազվադեպ ու համարձակ քաջածիններից էր, ով ըմբոստացավ, փոթորկվեց այն վայ-ղեկավարների դեմ, որոնց արյունոտ ձեռքերով աշխատանքից դուրս մղեցին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեծատաղանդ բեմադրիչ Վահե Շահվերդյանին: Եվ, կարծում եմ, այդ էր պատճառը, որ մեր օրերի միակ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհու 80-ամյակն անցավ անշուք, անմեծարանք, որի համար ինքն այնքան էլ մտահոգ չմնաց:

Սակայն, ի տրիտուր, նրա հոբելյանը թատրոնը նշեց «Ծեր տիկնոջ այցը» շքեղ մի ներկայացումով՝ Վահե Շահվերդյանի հրաշալի բեմադրությամբ: Թե ինչպե՞ս նա մարմնավորեց Ցախանասյանի կերպարը, բառեր չեմ գտնում: Չունեմ այդ ճարտարությունը: Փոխարենը մեջբերում եմ ներկայացման վերջում Վահե Շահվերդյանի ելույթից մի հատված. «2000-ամյա հայ թատրոնի պատմության մեջ նման «երիտասարդուհու» կերտած Ցախանասյանը բացառիկ երեւույթ է…»: Իրավամբ, 80-ն անց դերասանուհու խաղը՝ թեթեւ, երիտասարդական ավյունով լեցուն, ապշեցրել էր հանդիսատեսին: Ջոնիից հետո սա՞ էր, արդյոք, գլուխգործոցը: Գուցե: Սակայն, թատերական արվեստին մոտիկ կանգնած հանդիսատեսի համար նրա խաղացած բոլոր դերերը գերազանցել են մեկը մյուսին իրենց շքեղությամբ, կատարելությամբ, անկեղծությամբ ու համոզչականությամբ: Ուրեմն՝ համոզված կարող ենք ասել, որ նրա խաղացած բոլոր դերերն էլ գլուխգործոցներ են եղել: Ասում են՝ լավագույն արվեստագետները զարդարում են արվեստը, իսկ լավագույն սովորական մահկանացուները՝ մեր կյանքը: Վարդուհի Վարդերեսյանի պարագայում մեր հայկական նախշազարդերը կրկնակի կորուստ ունեցան…Մի առիթով ՆԱ խոստացել էր Նելլի Շահնազարյանի հետ Սպիտակ, իմ տուն այցելել: Թեպետ վերջին տարիներին դժվարությամբ էր համաձայնում Երեւանից դուրս գալ, սակայն ամեն անգամ զանգելիս կրկնում էր խոստումը. «Սպարտակ, բարեկամս, այս ամռանն անպայման քո տուն եմ գալու…»: Ես էլ կրկնում էի խենթ ու խելառ ուրախությամբ լցված իմ խոստումը. «Ես Ձեզ ծնկաչոք կդիմավորեմ, հարազատս…»: Ինչ-որ մի չարի խափանումով ՆԱ այդպես էլ չայցելեց իմ տուն…

Սունդուկյանի անվան թատրոնից երբ հանեցին ՆՐԱ դին, սիրտս անասելի ողբակալեց: Ինձ թվաց, թե դատարկվեց իմ բաժին թատերական աշխարհը: Սգո թափորը շարժվեց դեպի Կոմիտասի անվան Պանթեոն: Ես ծկաչոք ճանապարհեցի ՆՐԱՆ, ինչպես դիմավորել էի առաջին անգամ: Ապա տարա ՆՐԱ դին: Տարա իմ ուսերին: Ինձ թվում էր՝ տանում եմ թատերական աշխարհի մի ողջ պատմություն: Փառավոր, հոյակերտ, հրաշքներով, խանդավառությամբ, բուռն ծափահարություններով, օվացիաներով, բրավոներով լեցուն պատմություն: Ու… Սիրտս նվնվում էր ծանր ափսոսանքից: Արցունքներս էին փոքր-ինչ մեղմացնում կորստյան ցավը, միաժամանակ հիշելով անկրկնելի Ջոնիի խոսքերը. «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է…»: Երբ Պանթեոնում ՆՐԱ դագաղը գերեզման էին իջեցնում, ես հասկացա, որ Վարդուհին երբեք չի գա իմ տուն…

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031