Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պիտի իմանա ամեն մարդ հաջողության մասին

Դեկտեմբեր 11,2015 12:30

Ինչո՞ւ է ձեզ թվում, թե հաջողությունը երբեմն երես է թեքում ձեզանից: Այս աշխարհի կարծիքը հաջողության մասին սխալ է, որովհետեւ ժամանակավոր է: Երբ Աստված գիշեր-ցերեկ աշխատում է մարդուն առաջնորդելու դեպի իսկական ու հավիտենական հաջողության, մարդուն թվում է՝ հաջողությունը երես է թեքել իրենից:

Մի անգամ մի հարուստ մարդու դաշտերը շատ բերք տվեցին: Նա արդեն այնքան հարուստ էր, որ որոշեց շուտ թոշակի անցնել ու ասաց. «Հիմա ամեն ինչ ունեմ, կհանգստանամ, կուտեմ, կխմեմ ու երջանիկ կլինեմ»: Մենք ինչ ենք ասում այսպիսի մարդուն՝ «հաջողա՞կ»: Քանի՞ մարդ, կամ քանի՞ քրիստոնյա կուզենար այսպիսի հաջողակ լիներ: Եթե դուք էլ կուզենայիք այսպիսին լինեիք, ապա ուշադիր լսե՛ք, որովետեւ Աստուծո Որդին Ավետարանում այս տեսակ մարդուն «անմիտ» կոչեց:

Ուրեմն ինչու է շատերին, հատկապես երիտասարդներին թվում, թե այն, ինչ իրենք կոչում են հաջողություն, իրենցից երբեմն երես է թեքում: Ի՞նչ է կատարվում: Արդյո՞ք Աստված դադարեց խոսել մարդու հետ: Իհարկե՝ ոչ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ (Հովհ. 5:17): Ուրեմն Աստված միշտ աշխատում է մեզ փրկելու համար, Պողոս առաքյալն էլ ասում է, որ ամեն ինչ մեր կյանքում մեր բարիքի համար է կատարվում (Հռոմ. 8:28):

Ուրեմն, եթե դու հավատում ես Աստուծո Որդու խոսքերին, ապա այն, ինչ դու փնտրում ես, որպես հաջողություն, դու այն փնտրում ես սխալ տեղում, մի այնպիսի վայրում, որտեղ այն չկա: Իսկ ի՞նչ կա այնտեղ: Այնտեղ պարզապես կա խաբուսիկ ու անցողիկ մի երազ, որը փաթեթավորված է գեղեցիկ ու գունավոր տուփի մեջ, դրա համար էլ գրավիչ է:
Եթե գնաս դրա ետեւից, ապա մշտական պագեւը կկորցնես: Իսկ ժամանակավորը ստանալով, այն շուտով կանցնի ու դու կտխրես ու կհիասթափվես:

Հիմա, չկարծեք, թե նյութական հարստությունը վատ բան է: Հին Կտակարանում նյութական հարստություն ունեցող սրբեր կային, ինչպես օրինակ՝ Աբրահամը, Դավիդ Մարգարեն, Հոբը եւ այլք: Բայց երկու պայման կա, որ նրանք պահել էին:

Առաջին, նրանք նախ հարուստ էին Աստուծով: Սիրում էին Աստծուն ու ապրում Նրա Պատվիրաններով: Հետեւաբար, նրանք հարուստ էին Աստուծով, այլ ոչ թե նյութական ժամանակավոր բարիքներով: Նրանց սիրտը հարուստ էր Աստուծո սիրով: Իսկ Աստված ուզում է, որ իր հավատարիմ զավակները ոչ մի բանի կարիք չունենան: Տեր Հիսուսն ասաց. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կտայ նրան» (Մտ 7:9) ու ավելացրեց, որ մեր երկնավոր Հայրը գիտե մեր կարիքների մասին:

Երկրորդ: Հին Կտակարանի հարուստ մարդիկ ազնիվ աշխատանքով ու Աստուծո շնորհքով էին վաստակել իրենց տրվածը: Ում աշխատեցրել էին, աշխատավարձ էին տվել: Իրավունք չէին խլել: Մարդ չէին ծեծել: Զոռբայություն չէին արել: Մարդկանց վերեւից չէին նայել: Իսկ եթե սխալվել ու մեղք էին գործել, ապա զղջացել էին ու դրա հետեւանքն ընդունել էին որպես արդար հատուցում:

Սիրելի բարեկամ: Դու հաջողություն ասվածը սխալ տեղում մի փնտրի: Տեր Հիսուսն այդ անմիտ մարդուն ասաց՝ հոգիդ այս գիշեր քեզանից պահանջելու են, ում պիտի մնա այս ամենը, որ կուտակել ես, ու հույսդ էլ դրել վրան: Եվ ավելացրեց. «Նույնպես է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհավաքի եւ Աստուծով չի հարստանա»։ (Ղկ 12:21)
Իսկական հաջողությունը Աստուծով հարստանալն է, կյանքով լցվելը, որը երբեք չի վերջանալու: Երբ որ քո Աստծուն թողած՝ քո միտքը զբաղեցնես ժամանակավոր ու անցողիկ բաներով, ապա իմացիր, որ քո երկնավոր Հայրն այնքան է քեզ սիրում, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քո միտքն ու սիրտը, քո կամքով ետ թեքես դեպի իրեն ու մշտական հաջողությունը ստանաս: Նա սպասելու է քո վերադարձին: Վերջապես, ո՞ր հայրը քար կտա իր զավակին, երբ զավակին հաց է պետք:

Իսկ ինչ վերաբերում է մյուս բաներին, ապա նրանք սրանից հետո, քեզ «կտրվեն ավելիով» (Մաթ. 6:33):

Ուրեմն դու քեզ հարց տուր: Աստված հիմա քեզ երկնքից նայելով ի՞նչ կասի: Կասի՝ «անմի՞տ», թե՞ կուրախանա, որ սիրտդ հարստացնում ես իր ներկայությամբ, ձեռքերդ էլ բարի գործերով ու մարդասիրությամբ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ
https://www.facebook.com/ hareyanarm/

«Առավոտ» օրաթերթ
10.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031