Ձմռան շրջանում օգտակար ու շատ օգտագործվող մրգերից են մանդարինը, նարինջը, ինչու չէ՝ նաեւ տանձը: Այս մրգերից ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները եւ այն սիրողները եւս տարբերվում են մի քանի գծերով: Օրինակ, նշվում է, որ նարինջ նախընտրում են սիրառատ անձինք: Այդպիսի մարդիկ շատ աշխույժ են, սիրում են լինել շրջապատի ուշադրության կենտրոնում: Առանձնահատուկ վերաբերմունք ունեն հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Նրանք ընդունակ են հաշված րոպեների ընթացքում գրավել մարդկանց ուշադրությունը: Ընդ որում, ինչպիսի հեշտությամբ նրանք մտերմանում են զուգընկերոջ հետ, այնպիսի հեշտությամբ էլ բաժանվում են նրանցից: Իզուր չէ, որ իտալացիները նարինջն անվանում են սիրո խնձոր: Տանձ սիրում են լավատես մարդիկ: Այդպիսի մարդկանց հետ միշտ ուրախ է, նրանք երբեք չեն հուսալքվում, միշտ իրադարձությունների շրջապտույտի ու տոնական տրամադրության մեջ են եւ միշտ պատրաստ` օգնության հասնելու:
Նարինջը ձմռան սեզոնին շատերի սիրելի միրգն է: Նրա հյութը պարունակում է շաքարներ, թթուներ, աղեր, վիտամիններ, պեկտինային նյութեր: Ի դեպ, նարինջը համարվում է վիտամին C-ի շտեմարան: Նրա պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ: Նարինջը կարելի է որպես հյութ ըմբոշխնել թարմ վիճակում, աղցաններում, համակցված կաթնամթերքների հետ: Հյութն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, արյունաստեղծ է, միզամուղ, հակասկլերոզային, արյունահոսությունը դադարեցնող, անոթի պատերը ամրացնող, լեղամուղ, աղիքների գործունեությունը խթանող միջոց է:
Նարնջի հյութը օգտագործում են նաեւ հիպերտոնիայի, ճարպակալման, պոդագրայի, միզաքարային հիվանդությունների, լնդերի արյունահոսության, մաշկային հիվանդությունների դեպքում:
Կարդացեք նաև
Ըստ Ամասիացու` հյութն օգտակար է նաեւ ճիճուների ու ոսկրային ցավերի ժամանակ:
Նարնջի հյութը մեղրի հետ կարելի է օգտագործել կաթնային դիաթեզի, արտրիտի, մարմնի բարձր ջերմության դեպքում:
Ընդունում են 1/3 բաժակի չափով, օրը 1 բաժակից ոչ ավելի, 1 ճաշի գդալ մեղրով, ուտելուց 20 րոպե առաջ:
Աղեստամոքսային եւ ենթաստամոքսային հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է ջրով նոսրացնել` 1:1-ի հարաբերությամբ, նոր միայն ընդունել:
Տանձը, քանի որ համեմատաբար քիչ վիտամիններ է պարունակում, շատերը ոչ օգտակար միրգ են համարում, բայց չպետք է թերագնահատել այս միրգը: Այն պարունակում է շաքարներ, հատկապես արբուտինի գլիկոզիդ, որը ուժեղ հակաբորբոքային հատկություն ունի եւ մանրէասպան ազդեցություն է ունենում միզատար ուղիներում։ Դրա համար էլ տանձի հյութն օգտագործում են երիկամների ինֆեկցիոն, քարային հիվանդությունների դեպքում։ Քաղցր տանձի հյութն օգտակար է թոքերի չարորակ ուռուցքի ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին այդ հյութն օգտագործել է սրտի ամրացման, ստամոքսի բուժման դեպքում։
Հյութն ընդունել օրը 3 անգամ, 0.5-1 բաժակ` ավելացնելով 2 թեյի գդալ մեղր։ Քանի որ տանձի հյութը հարուստ է սորբիտով, այն շատ օգտակար է շաքարախտով տառապողների համար։ Տանձը թթվի մեծ քանակություն չի պարունակում, որի շնորհիվ շատ օգտակար է: Տանձը շատ հարուստ է հանքային նյութերով` կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, սիլիցիում: Տանձ խորհուրդ է տրվում օգտագործել արյան շրջանառության եւ երիկամների հիվանդության դեպքում: Այս միրգը թարմ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, նպաստում է մարմնի ջերմաստիճանի իջեցմանը: Մշակովի տանձի տեսակները բարելավում են մարսողությունը ու աղիների աշխատանքն ընդհանրապես:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.12..2015