Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԻՄՔԵՐԸ

Դեկտեմբեր 11,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասներկուերորդ

ՀԻՄՔԵՐԸ

Եթե ապարանցիք, ղարաբաղցիք ու մյուսներն իրենց բարձրաստիճան ներկայացուցիչների շնորհիվ են փողատեր ու կապիտալիստ դառել, մարտունեցիք դրան հասել են միանգամայն ինքնուրույն՝ իրենց խելքի, ձեռներեցության ու համարձակության շնորհիվ, եւ եթե ղարաբաղցիք, ապարանցիք, թալինցիք ու մյուսները հիմնականում Հայաստանի  պետական ունեցվածքը կոպեկներով  սեփականացնելով են հարստացել ու կապիտալիստ  դառել, մարտունեցիք, ընդհակառակը, ռուսաստաններում են կապիտալիստ ու փողատեր դառել, ընդ որում՝ իրենց խելքի ու դուխի շնորհիվ, եւ եթե թալանել էլ են, ոչ թե հայերին են թալանել, այլ՝ ռուսներին ու Ռուսաստանում ապրող այլ ազգերին՝ բացառությամբ հայերի. ավելին. եթե Ռուսաստանում խեղճ ու անպաշտպան որեւէ հայ են տեսել, անմիջապես տիրություն են արել եւ ոտքի են կանգնեցրել, եւ որպեսզի էս ասածներիս պատճառով ղարաբաղցիների, ապարանցիների, թալինցիների ու մյուսների հարվածների թիրախ չդառնամ, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնելով շեշտել, որ էս ասածներս ոչ թե իմ կարծիքն են, այլ՝  իմ համադասարանցի ու ֆիզմաթ գիտությունների թեկնածու եւ ծագումով մարտունեցի Աշոտինը, իսկ անձամբ իմ կարծիքն էն է, որ մեզանում ինչքան որ սոցիալիզմն էր սոցիալիզմ, էդքան էլ մեր կապիտալիզմն է կապիտալիզմ, եւ ինչքան որ մեր տեղական կոմունիստներն ու սոցիալիստներն էին կոմունիստ ու սոցիալիստ, էդքան էլ էսօրվա մեր մեծահարուստներն են կապիտալիստ, եւ ինչպես որ էսօրվա մեր վաղ կապիտալիզմի կարկառունների մեծ մասը, մեր վաղ սոցիալիզմի կարկառունների մեծ մասն էլ հայաստանցի չէր, եւ չնայած  անեցի Մյասնիկյանն ու վանեցի Խանջյանը ծագումով  բուն Հայաստանից էին, Երեւանում իրենք էլ էին եկվոր ու դրսեկ, եւ նմանապես ընկեր Շահումյանն էր դրսեցի, եւ, փաստորեն, հայոց վաղ սոցիալիզմի հիմքերն էլ ոչ թե Հայաստանում ու Երեւանում էին դրվում, այլ հիմնականում՝ Մոսկվայում, Թիֆլիսում ու մանավանդ Բաքվում, եւ չնայած հայոց էս վերջին կապիտալիզմի հիմքերը Հայաստանում ու Երեւանում դրվեցին՝ «Ղարաբաղ» կոմիտեի եւ անձամբ Վազգեն Մանուկյանի ու Բագրատյանի ջանքերով եւ ջանասիրությամբ, եթե հիշողություններս լարենք ու թեմայի մեջ մի քիչ ավելի խորանանք, հիշելով կհասկանանք, որ հայոց ամենավաղ կապիտալիզմի հիմքերն էլ են դրսերում դրվել՝ հիմնականում Պոլսում, Բաքվում ու Թիֆլիսում՝ Մանթաշյանցի եւ այլոց ջանքերով ու աշխատասիրությամբ, եւ Թումանյանի Բազազ Արտեմը, Շիրվանզադեի Սմբատը, Միքայելն ու մյուսներն էս ասածիս խոսուն վկաներն են, եւ նմանապես Պարոնյանի  Պաղտասարը, մեծապատիվ մուրականներն ու մյուսներն էլ են էս ասածիս միանգամայն  խոսուն վկաները, եւ էս առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ ընկեր Վարդանյան Սերգեյին հուշել, որ  իր «Հայաստանի մայրաքաղաքները»  գրքի վերահրատարակության դեպքում հայոց մայրաքաղաքների ցանկում նաեւ Պոլիսը, Բաքուն ու Թիֆլիսն ընդգրկի, եւ էս երեքը, ի տարբերություն մեր բուն մայրաքաղաքների, մեզ համար մայրաքաղաք են եղել մեր պետություն ու պետականություն չունենալու տարիներին եւ հատկապես տասնիններորդ դարի վերջերին, եւ հատկապես էդ տարիներին Թիֆլիսը, Բաքուն եւ Պոլիսն առաջին հերթին հենց հայերիս շնորհիվ են վրացիների, ադրբեջանցիների ու թուրքերի համար իբրեւ քաղաք ու մայրաքաղաք ձեւավորվել ու կայացել, եւ եթե ասում եմ՝ հայոց  ամենավաղ կապիտալիզմի հիմքերն էդ մայրաքաղաքներում են   դրվել, բնավ չեմ չափազանցնում. ընդհակառակը. չափից ավելի ու կեղծ համեստություն եմ անում՝ չնշելով ու չշեշտելով, որ էդ մայրաքաղաքներում կապիտալիզմի հիմքերը հենց հայերն են դրել՝ ի դեմս Մանթաշյանցի ու այլոց, եւ եթե չեմ ասում ու շեշտում, որ էդ մայրաքաղաքներում հայերը նաեւ մշակույթն են ծաղկեցրել, վերստին կեղծ համեստություն եմ անում, եւ մշակույթ ասելով՝ մշակույթի բոլոր բնագավառները նկատի ունեմ՝ ներառյալ ճարտարապետությունը, գեղանկարչությունը, երաժշտությունը եւ, իհարկե, գեղարվեստական գրականությունը, եւ եթե ասեմ, որ Թիֆլիսի ամբողջական պատկերը ոչ թե վրացի գրողներն են տվել, այլ մեր Սունդուկյանը, մեր Թումանյանն ու մեր Աղասի Այվազյանը, էս ասածիս նույնիսկ վրացիք չեն կարող հակաճառել, եւ եթե ասեմ, որ Բաքվի ու մանավանդ  դարասկզբի Բաքվի իրական պատկերը Շիրվանզադեից լավ որեւէ մեկը չի տվել, դարձյալ չեմ կարծում թե՝ որեւէ հակաճառության կհանդիպեմ, եւ նույնը կարող եմ ասել Պոլսի ու Պարոնյանի վերաբերյալ, եւ էլ չեմ ասում, որ մեր Սայաթ-Նովան կովկասյան էս երեք ժողովուրդների համար համաշխարհային մակարդակի պոեզիա ստեղծեց, ինչպես նաեւ՝ բացառիկ ու հանճարեղ երգ  եւ երաժշտություն, եւ նույնը կարող եմ ասել Սերգեյ Փարաջանովի մասին, որը ոչ միայն այսրկովկասյան էս երեք ժողովուրդների մասին համաշխարհային մակարդակի ֆիլմեր ստեղծեց, այլեւ ուկրաինացիների մասին էլ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031