Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք պատրաստվում որեւէ մեկի վրա փեշներս գցենք, մեզ որեւէ մեկի խախտումը պետք չէ». Հերմինե Նաղդալյան

Դեկտեմբեր 10,2015 21:40

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա անդրադառնալով հանրաքվեի խախտումներին:

Տիկին Նաղդալյանի համոզմամբ, ընտրություն առ ընտրություն պատմության գիրկն են անցնում բազմաթիվ խախտումներ, միջադեպեր, թերություններ. «Սրա համար մենք հետեւողական աշխատանք ենք կատարում, եւ մեր հանձնառությունը կատարելու ենք ապագայում, որպեսզի ընտրությունները լինեն ավելի քիչ բողոքներով, ավելի քիչ խախտումներով: Կարեւորը՝ վստահության մթնոլորտ լինի, որ մեր հանրությունը տեսնի ու գնահատի»:

Թե ինչու են այդքան մեծ թվով բողոքները, եթե ամեն ինչ այդքան լավ է անցել՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Բողոքների խնդիրը կապված չի այո-ի կամ ոչ-ի հաղթանակի հետ, ոչ էլ նրանից, որ հաղթողները գոհ լինելով՝ ծածկադմփոց անեն, թաքցնեն այն խախտումները, որոնք եղել են: Կարծում եմ, այս հանրաքվեի ընթացքում մենք տեսանք եւս մեկ հանգամանք՝ քայլ առ քայլ ցրվում է այն մտայնությունը, որ խախտումները կատարվում են լոկ իշխանության կամ միայն ՀՀԿ-ականների կողմից: Կարեւոր է ոչ միայն այն, որ մենք պատժենք մեղավորներին, ճիշտ արդյունքներ ունենաք, այլ կարեւորն այն է, որ մենք ոչ միայն մեր խոսքերով, այլ մեր գործերով ցույց տանք այն քաղաքական հանձնառությունը, որը ստանձնել ենք: Լրագրողական հետաքննության  արդյունքները ցույց են տալիս, որ այն տեղամասը, որտեղ կատարվել է ուրիշի անունով քվեարկություն, այդ տեղամասում հանձնաժողովի ղեկավարությունը ներկայացնում էր ընդդիմությունը: Եթե կան մեղավորներ, այդ մեղավորները պետք է պատժվեն, որ հետագայի համար սա լինի լավ դաս»:

Հովիկ Աբրահամյանը հանրաքվեից առաջ իր կուսակիցներին կոչ արեց արջի ծառայություներ չմատուցել: Հարցին՝ եղա՞ն դեպքեր, որ մատուցեցին՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ պատրաստ չէ անուն-ազգանուններով ասել. «Դա մենթալիտետի հարց է եւ Հովիկ Աբրահամյանի մեկ կոչով չեն վերանալու: Դրանց վերանալու համար պետք է հստակ քաղաքական կամք եւ հետեւողականություն, որ որեւէ մեկի արջի ծառայությունը եւ խախտումը  մեզ պետք չի: Մենք, անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը, որ ճամբարից է, մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա, ինչպես ասում են, փեշներս գցենք եւ պաշտպանենք, ամեն մեկին իր արժանի գնահատականը կտանք»:

Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, որ հաջորդ ընտրությունները լինելու են շատ ավելի օրինական. «Ես չեմ կարծում, որ զանգվածային բնույթ կրող կեղծիքներ են եղել: Ես ընդհանրապես չեմ ընդունում այդ զանգվածային, խայտառակ բառակապակցությունները, որովհետեւ դրանց տակ փաստացի նյութ չկա, ամպագոռգոռ բառեր են: Ունենք փաստացի 78 բողոք՝ այո-ն ու ոչ-ը միասին: Երրորդ օրն է, այդ բողոքների վրա աշխատանք է կատարվում: Որեւէ ոչ թե էական, այլ պարզապես ուշադրության արժանի փոփոխություն վերահաշվարկ կատարված տեղամասերում չի հայտնաբերվել: Մենք շատ բան շարունակում ենք խոսել իներցիայով կամ որոշների իլյուզիաների հետեւանքով: Հանրաքվեի քարոզչական ժամանակահատվածի ընթացքում այն մոտեցումը, որը որդեգրեցին ընդդիմադիր ուժերը՝ չգնալ բովանդակային քննարկման, այլ կեղծ թեզեր գցեցին հրապարակ, որ չկա հանրային պահանջ, այդ կեղծ թեզերը տարան նրան, որ նեգատիվ սպասելիքներ ձեւավորվեն: Այս քաղաքական մանիպուլյացիաները իրենց չարդարացրեցին: Մենք ունեցանք շատ տպավորիչ մասնակցություն եւ ունեցանք շատ էական առավելություն ոչ-ի նկատմամբ: Որեւէ ստվերի մասին, որ կարող էր ստվերել այս գործընթացը՝ խոսելն անգամ ավելորդ է»:

Շրջանառվող լուրերը, որ հանրաքվեից հետո կլինեն կադրային փոփոխություններ՝ Հերմիեն Նաղդալյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց՝ ասելով, որ այդ հարցը գործադիր մարմնի նիստում չի քննարկվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031