Ինչպես հայտնի է, Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հունվարի 30-ին պատրաստվում է մրցել ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝«ԼԱ Գելաքսիի» հետ: Այս պայմանավորվածությունն արդեն իրարանցում է առաջացրել Կալիֆորնիայում բնակվող հայության շրջանակում (ըստ Սամվել Բալասանյանի հաշվարկների, միայն Գլենդել քաղաքում 30 հազար գյումրեցի է բնակվում), որոնք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան հասցեին բազմաթիվ նամակներ են հղում՝ գրելով. «Ինչ լավ է, որ նորից եք գալու, անհամբեր սպասում ենք Ձեզ», «Մենք Ձեր կողքին ենք, հաղթանակը մե՛րն է լինելու, չկասկածե՛ք, թասիբով գյումրեցիներ»:
Այս մասին Aravot.am-ի հետ կիսվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը: «Շիրակ»-ը, չորս անգամ ճանաչվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, այժմ նախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնության գարնանային մրցափուլին, 2016թ. առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին:
Նշենք, որ «ԼԱ Գելաքսի»-ին իր պաշտոնական էջում, տեղադրելով ֆուտբոլային խաղի օրը, ժամն ու վայրը. այն տեղի կունենա ՍտաբՀաբ կենտրոնում, Քարսոնում, Կալիֆորնիայում , հունվարի 30, ժամը 07:00-ին (Երևանյան ժամանակով, հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:00-ին) միաժամանակ իր երկրպագուներին տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքը սկսվել է, ընդունվում են պատվերներ. անհատական տոմսի արժեքը սկսվում է 20 դոլարից: Աննա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նաեւ հիշեցրեց, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն արդեն երկրորդ անգամն է մրցում «ԼԱ Գելաքսիի» հետ. առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա փետրվարի 8-ին ու ավարտվել ամերիկյան թիմի հաղթանակով` 2:1 հաշվով: Շիրակի» կազմում միակ գոլի հեղինակ էր դարձել իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:
Ըստ Աննա Թադեւոսյանի, առաջին հանդիպումը կազմակերպել էր Pangea Sports Management-ը, որը զբաղվում է ֆուտբոլիստների տրանսֆերով. ղեկավարը ԱՄՆ-ում բնակվող իրանցի Նամո Հաշեմն է: Մեր թիմը այժմ էլ բարեհաջող համագործակցում է այս կազմակերպության հետ: Աննա Թադեւոսյանի պատմելով, նախորդ հանդիպման ժամանակ Կալիֆորնիայում բնակվող հազարավոր հայեր առիթը բաց չէին թողել երկրպագելու մեր թիմին: Հանդիսատեսի մեծ մասը եղել են հայեր. ավելի քան 13000 երկրպագուներ են ներկա գտնվել, որոնցից 10000-ը՝ հայեր։
Կարդացեք նաև
Ու չնայած այժմ «ԼԱ Գելաքսիի» կազմում հադես են գալիս այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը, Ռոբի Քինը, Ջովանի Դոս Սանթոսը, ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներ Գյազի Զարդեսը և Օմար Գոնսալեսը, այդուհանդերձ Կալիֆորնիայի հայերը հուսով են, որ այս անգամ հաղթանակը կլինի «Շիրակ»-ինը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից