Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանը» պահանջում է հանրաքվեի արդյունքների՝ միջազգային հետաքննություն

Դեկտեմբեր 10,2015 18:52

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ այսօրվա տեղեկատվական հավաքի ընթացքում մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ կեսօրին երիտասարդները ցանկացել են Ազատության հրապարակում վրան տեղադրել, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել և բռնությամբ բերման ենթարկել: Այնուհետև որոշ պարզաբանումներ ներկայացրեց այն շահարկումների հետ կապված, թե իբր «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքները սակավամարդ են:

Պարոն Ավետիսյանը հայտարարեց. «Մինչ այժմ «Նոր Հայաստան» ճակատն անցկացրել է տեղեկատվական հավաքներ, այլ ոչ թե հանրահավաք: Հանրահավաքը տեղի է ունենալու վաղը՝ ժամը 17.00-ին»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Զուգասզյանը հայտարարեց, թե միջազգային մամուլն արդեն սկսել է գրել հայաստանյան արմատական ընդդիմության գոյության մասին: Նաև փաստեց, որ միջազգային մամուլում օրեցօր ավելանում է այնպիսի հրապարակումների թիվը, որոնցում կարծիք է հայտնվում, որ «ՀՀ-ում տեղի ունեցածը ժողովրդի կամքի բռնաբարում էր»:

Այնուհետև պարոն Զուգասզյանը մտահոգություն հայտնեց, թե աշխարհում խոսվում է Կարսի և Սևրի պայմանագրերի մասին, ինչը աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժ է, որին պետք է պատրաստ լինի Հայաստանը. «Դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում լինի յուրային իշխանություն: Մենք իրավունք չունենք պատահական արկածախնդիրներին թույլ տալ, որ ՀՀ-ում ադմինիստրացիա անեն, հատկապես այն պատճառով, որ գործ ունենք քաջ նազարների ռեժիմի հետ»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ադրիաս Ղուկասյանը նկատեց, թե դեկտեմբերի 7-ից հետո Սերժ Սարգսյանը փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել հանրությանը, իբր հանրաքվեի արդյունքները ամփոփված ու ավարտուն են, և այդ գործընթացն արդեն հասել է արդյունքի: Սակայն պնդեց, որ իրականում դա այդպես չէ. «Դեկտեմբերի 6-ի գիշերը ԿԸՀ-ի մոտ քաղաքացիների համարձակ գործողություններից հետո սկսվեց այս կեղծված հանրաքվեի ապալեգիտիմացման գործընթացը, դեկտեմբերի 7-ին լսեցինք միջազգային դիտորդների խիստ ու բացասական գնահատականը, որ հանրաքվեն չի արտահայտում ժողովրդի կամքը: Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանին ու իր խմբին բռնացրել են հանցագործություն կատարելու վրա»:

Անդրիաս Ղուկասյանի հավաստմամբ՝ կեղծիքներն ուղղորդվում ու կազմակերպվում էին մեկ կենտրոնից՝ ՀՀԿ-ի «այո»-ի շտաբից: Այդ պատճառով իրենք ոչ թե պահանջում են տեղական հետաքննություն, այլ միջազգային. «Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտում, ինչը միջազգային իրավունքի խախտում է»: Իր ելույթի ավարտին Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, թե «մեր ճակատը պինդ է, և այն պատը, որ իրենք ստեղծել են ժողովրդի զարգացման ճանապարհին, այդ ճակատով քանդելու ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031