Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր, որի հետևանքով վերջինիս պատճառվել է գույքային վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է, որ գողացված քարտերից մեկով նույն օրը Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է կատարվել գումար կանխիկացնել: Բանկից վարույթն իրականացնող մարմնին էր ներկայացվել բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ ժամին կատարված տեսագրությունները: Բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը 2015 թվականի նոյեմբերի 24-ին տարածել է բանկի կողմից տրամադրված տեսագրության մեջ պատկերված երիտասարդի լուսանկարները՝ պարզելու նրա ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ինչպես տեղեկացրել ենք, տեսագրության տարածումից հետո երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հերքել իր առնչությունը կատարված գողությանը։ Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ իրապես երիտասարդը որևէ առնչություն չունի ո՛չ կատարված գողության և ո՛չ էլ գողացված քարտով գումար կանխիկացնելու փորձի հետ։
Նա տվյալ բանկոմատից կատարել է գործարք, կանխիկացրել է գումար՝ իր ընտանիքին պատկանող քարտով։
Բազմակողմանի քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ բանկից նախաքննական մարմնին տրամադրվել է այլ քարտի գործարքի հետ կապված տեսագրություն՝ տեխնիկական խոտանի (բանկոմատի և տեսագրող սարքի ժամերի անհամապատասխանություն) պատճառով, ինչի կապակցությամբ հայցում ենք տվյալ տեսանյութում պատկերված անձի ներողամտությունը:
Բանկից տրամադրվել է նոր՝ համապատասխան տեսագրությունը: Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին