Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հանդիպեց տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ, որից հետո հրապարակեց նոր նշանակված մարզիչների անունները:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ բոլոր տարիքային խմբերում կատարվել է մարզիչների փոփոխություն: «Սա ամենեւին չի նշանակում, թե նախորդ մարզիչները իրենց չեն արդարացրել: Պարզապես, ֆեդերացիայի նախագահ իմ լինելուց հետո մենք կիրառում ենք ռոտացիոն կարգը՝ մի շարք մարզիչների աշխատելու հնարավորություն տալով: Լավագույններն, իհարկե, մնում եւ շարունակում են աշխատել, եթե բացառիկ արդյունք կա, եթե ոչ՝ մյուս մարզիչներին իրենց դրսեւորելու հնարավորություն ենք տալիս: Մարզիչներին նշանակելիս մենք մի խնդիր ունենք եւ առաջնորդվում ենք այն սկզբունքով, թե ովքեր ԱԻԲԱ-ի կանոնակարգով նախատեսված երեք աստղ ունեն, որպեսզի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ռինգի մոտ եւ ներսում մարզիկի հետ աշխատելու իրավունք ունենան: Եվ այսպես:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Կարեն Աղամալյանը: Նա ժամանակին էլ գլխավորել է մեր գլխավոր թիմը, բազմափորձ մարզիչ է: Բոլորդ էլ նրան ճանաչում եք եւ նա ինձ հույս է ներշնչում: Նրան կօգնի պատանիների հավաքականի մարզիչ Արման Հարությունյանը:
Երիտասարդական հավաքականը կրկին կգլխավորի Վագեն Բադալյանը: Նա նախորդ տարի էլ ղեկավարում էր այդ տարիքային խմբի հավաքականը: Մեկ տարով մարզչի փոփոխություն եղավ ու նա կրկին նշանակվել է: Ի միջի այլոց, մեր երիտասարդական հավաքականն իր լավագույն արդյունքը ցույց է տվել հենց պարոն Բադալյանի օրոք՝ Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, Նարեկ Մանսայանը՝ բրոնզե մեդալակիր եւ պատանեկան օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր: Նույն տարում ունեցանք Եվրոպայի եւս երկու բրոնզ: Վստահ եմ, որ Վազգեն Բադալյանը նույն ոգով կշարունակի: Այստեղ մի բան ուզում եմ անպայման նշել. երիտասարդների, պատանիների եւ կրտսեր տարիքի պատանիների հավաքականները չեն ունենա երկրորդ մարզիչ: Ավագ մարզիչներին ըստ նպատակահարմարության առաջնորդվելու հնարավորություն է ընձեռվում: Իրենք են որոշելու, թե ամեն մի հավաքին, մրցմանը որ մարզիչն իրենց կօգնի: Այս տարիքային խմբերի բռնցքամարտիկները սովորաբար ավելի շատ են կապված լինում իրենց անձնական մարզիչների հետ: Եթե նա իսկապես լավագույն բռնցքամարտիկ է, կարծում ենք, ավելի ճիշտ կլինի, որպեսզի տվյալ մրցաշարում նրա մարզիչը լինի իր կողքին: Դա ազատորեն կորոշեն ավագ մարզիչները:
Ավագ տարիքի պատանիների ավագ մարզիչը լինելու է Ֆեդյա Ալեքսանյանը: Նշանակելիս առաջնորդվել ենք այն հանգամանքով, որ նա այդ տարիքային խմբում միշտ ունենում է լավ բռնցքամարտիկներ: Համոզված եմ, որ նրա մարզչական փորձը օգտակար կլինի:
Կրտսեր տարիքային խմբի պատանիների հավաքականի ղեկը վստահել ենք Արշավիր Գրիգորյանին, որը Նարեկ Մանասյանի անձնական մարզիչն է:
Կանանց հավաքականը կգլխավորի Հարություն Նազարյանը: Դուք գիտեք, որ մենք կանանց հավաքական որպես այդպիսին չունենք: Կան մի քանի շնորհալի աղջիկներ: Հավաքական ձեւավորելու համար առնվազն 20 հոգի է հարկավոր: Դրա համար մենք շարունակում ենք մեր մոտեցումը, որ աղջիկները մարզվում են տղաների հետ համատեղ, ինչը, ի դեպ, դրական արդյունք է տալիս:
Բոլոր հավաքականների ընդհանուր ֆիզպատրաստվածության պատասխանատուն բազմափորձ Ռաֆայել Մեհրաբյանն է լինելու, իսկ բռնցքամարտի տեսության մասով բոլոր հավաքականներին կօգնի նույնպես փորձառու Ալեքսանդր Սարգսյանը:
Ցավոք, մենք չունենք մարզական հոգեբան: Համենայն դեպս, ես չեմ ճանաչում եւ ինձ ոչ ոք իր ծառայությունը չի առաջարկել: Դրա համար պետք է հենվենք մեր բազմափորձ մարզիչների գիտելիքների եւ իմաստնության վրա:
Այս բոլոր նշանակումները կատարվել են իմ առաջարկությամբ ու ամբողջ մարզչական խորհրդի միաձայն համաձայնությամբ: Ինչ վերաբերում է Դավիթ Թորոսյանին, նա կմնա մարզչական խորհրդում: Նա մեր ներկայացուցիչն է ԱԻԲԱ-ի մարզչական խորհրդում:
Եվ մի բան էլ. բոլոր այն մարզիչները, որոնք ուժ ու եռանդ ունեն եւ ցանկանում են աջակցել հավաքականներին, մենք նրանց հետ աշխատելու ենք», – ասաց Արթուր Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ