Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ արվեստին վերաբերվեն այնպես, ինչպես բանակին են վերաբերվում»

Դեկտեմբեր 10,2015 17:36

Չնայած ֆինանսական խնդիրներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը ընթացիկ տարում կարողացել է մի շարք միջոցառումներ կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում. «Ուշագրավ էին հատկապես դրսում տեղի ունեցած համերգները: Օտարազգի երաժիշտները կատարում էին հայ կոմպոզիտորների գործերը: Նոյեմբերի 1-ին Բոստոնում տեղի ունեցած համերգի ժամանակ շատ հետաքրքիր էր սևամորթ մի երգչի կատարմամբ «Մարտիկի երգը» («Թռչեի մտքով տուն») լսելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նրա խոսքով՝ արվածից ավելին չեն կարող անել, քանի որ յուրաքանչյուր միջոցառման իրականացում բավականին մեծ ծախսեր է պահանջում: Իսկ միության միջոցները սահմանափակ են. «Եթե խորհրդային տարիներին ամեն ինչ պետությունն էր անում, և մշակութային ոլորտում մեծ հատկացումներ էին լինում, ապա հիմա ստիպված ենք բավարարվել մի քանի հարյուր հազար դրամով: Բացի այդ, միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, և մենք իրավունք չունենք պահանջելու, կարող ենք միայն խնդրել: Բնականաբար, բանակցություններ տարվում են, և կարծում եմ, որ շուտով դրանք իրենց արդյունքը կտան, որովհետև բոլորն ասում են՝ կօգնեն այս կամ այն հարցում»,- ասաց Ա. Սաթյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը կարծում է, որ մեր երկրում մշակույթն իր տեղում կլինի միայն այն ժամանակ, երբ արվեստին վերաբերվեն այնպես, ինչպես բանակին են վերաբերվում. «Երկուսն էլ կարևոր գործով են զբաղված. եթե բանակը մեր երկրի սահմաններն է պահում, ապա արվեստը մեր հոգևոր սահմաններն է պահում»,- ընդգծեց նա:

Դառնալով Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը՝ Ա. Սաթյանն ասաց, որ իրենք փորձում են այն աշխատեցնել. «Այդպես միությունը կկարողանա լուծել իր ֆինանսական խնդիրները, բայց նախ պետք է այն վերանորոգել: Որոշ ժամանակ առաջ կային մարդիկ, որոնք ցանկանում էին ներդրումներ կատարել այնտեղ, սակայն մենք հասկացանք, որ նրանք իրականում ուզում են «իրենցով անել» այն, և չհամաձայնեցինք»,- ասաց Ա. Սաթյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031