«Վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ առաջընթաց է գրանցել, ապացույցն էլ այսպիսի հերթական քննարկումն է»,-այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:
Նրա բնորոշմամբ՝ մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանության նպատակով բարեփոխումներ է իրականացրել, միացել միջազգային կոնվենցիաներին եւ համաձայնագրերին. «Միաժամանակ, որպես երիտասարդ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի հատկապես ընտանեկան բռնության եւ գենդերային հավասարության մասով: ՄԱԿ-ը մեծ աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը եւ Արդարադատության նախարարությանը, որպեսզի մշակվի մարդու իրավունքների մի համապարփակ գործողությունների ծրագիր, որին մասնակցել են հասարակության լայն շերտեր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մեր առաջարկությունները ներառում են նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ գենդերային հավասարության միջոցներ»:
Ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում Բուզետտոն արձանագրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից բավականին ճնշող իրավիճակ է. «Հայաստանում չկա կին քաղաքապետ, 18 նախարարներից երկուսն են կին, այսինքն կանայք քիչ մասնակցություն ունեն պետական պաշտոններում, բայց նրանց 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունի»:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում իրականացվել է «Կանայք տեղական ժողովրդավարության մեջ» ծրագիրը, որին 1600 կին է մասնակցել եւ հետագայում հաջողություն գրանցել տարբեր ոլորտներում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ