Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ակնարկեց՝ եթե ուզում եք կարկանդակ կիսել, ՀՀԿ-ի հասցեին հնչող վիրավորանքներն էլ պիտի կիսեք»

Դեկտեմբեր 10,2015 17:28

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ հանրաքվեի գործընթացում ընդդիմությունը ոչ մի բացթողում չի ունեցել: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը քաղաքական վերլուծաբանը այս առիթով մանրամասնեց. «Ընդդիմությունը փայլուն հաջողություն է գրանցել. իր սուղ ռեսուրսներով ազգաբնակչությանը կարողացել է համոզել, որ մեծամասնությունը գնա ու «ոչ» ասի: Սա ընդդիմության պարտությունը չէ, այլ իշխանության պարտությունը, քանի որ նրանք, ունենալով անսահման ռեսուրսներ, չկարողացան այդ գործը գլուխ բերել առանց կեղծիքների: Եթե խոսելու տեղ ունենային ժողովրդի առաջ, հանգիստ կապահովեին իրենց «այո»-ն: Սակայն, քանի որ վստահություն չունեին, ժողովուրդը գնաց ու «ոչ» ասաց: Իշխանությունները վարկանիշային մեծ անկում ունեցան»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատեց. «Հանրաքվեն ցույց տվեց, որ հասարակությունն ունի այնքան ուժ, որ իշխանությունն ասի «ոչ», բայց չունի այնքան ուժ, որ այդ «ոչ»-ն ամբողջությամբ պահի: «Ոչ»-ի հաղթանակը ամենուր էր, բացառությամբ մի քանի ընտրատեղամասերում: Այնտեղ, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները կարողացել են պահել, «ոչ»-ը դե յուրե հաղթել է: Սակայն երբ 10-15 հոգով հարձակվում են վրադ, ուստի բոլորը չէ, որ Հունան Ավետիսյանի պես կարող են իրենց պահել»:

Պարոն Բադալյանը համարում է, որ մյուս կողմից առանց դրսի աջակցության հնարավոր չէ: Նա արձանագրեց, որ հանրաքվեի գործընթացներում ընդդիմությունը միասնական էր:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց. «Բուն հանրաքվեի գործընթացը ընդամենը այդ օրն արձանագրում է այն իրական իրավիճակը, որ գոյություն ունի փողոցում մինչև այդ օրը: Այն, ինչ արձանագրվեց դե յուրե, արձանագրվեց «այո»-ի տեսքով: Դրսում զանգվածային ճնշում իշխանության վրա չկար»:

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ ընդդիմության բոլոր թևերում չկա ընդգծված խարիզմատիկ լիդեր, որի հետևից գնում են: Իսկ ընտրական գոծընթացները ցույց են տվել, եթե չկա այդ լիդերը, ընդդիմությունը հաջողություն չի ունենում:

Պարոն Հակոբյանը ևս մեկ անգամ կարևորեց սերնդափոխության անհրաժեշտության հարցը, քանի որ «ոմանք էլ այնքան են վարկաբեկվել, օրինակ ոստիկանապետի հետ աղոթողները, որոնց հետևից չեն գնում»:

Դառնալով ՀՅԴ-ի՝ հանրաքվեից հետո դրսևորած պասիվ վարքագծին՝ պարոն Բադալյանն ասաց. «ՀՅԴ-ն չունի վարկանիշ, ոչ էլ կարող է փող բաժանել, ոչ էլ առանձնապես հետաքրքրություն է ներկայացնում դրսի ուժերի համար: Ուստի պետք է գնա Բաղրամյան 26 բանակցելու, թե որքան տեղ է ունենալու խորհրդարանում: Դրա համար սուսուփուս համակերպվելու են հանրաքվեից հետո, ինչն էլ անում են»:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ հայտարարություններ դեռ կլինեն. «Մանավանդ Դաշնակցությունը, որ իր «այո»-ի տակ քաղաքական դրդապատճառ էր դնում, կփորձի միջինացված տարբերակներ գտնել, որ և′ իր «այո»-ն արդարացնի, և′ իր դեմքը պահպանի»:

Արմեն Բաղդասարյանը այս առիթով նշեց. «Դաշնակցությունն ուղղակի շահառուներից է ու շահ է ակնկալում: Հասկանալի է, թե ինչ հայտարարություն պիտի անեն, տեքստը հայտնի է: Կարծում եմ, որ Դաշնակցությունը նույնիսկ ուրախացել է, որ նման խախտումներ ունեին, քանի որ եթե վատ ընտրություններն են գովում, ավելի թանկ կվաճառեն իրենց լոյալությունը»:

Սերժ Սարգսյանի՝ հանրաքվեից հետո նախագահականում հրավիրած հանդիպման ուղերձի մասին՝ պարոն Բաղդասարյանն ասաց. «Նա ակնարկեց, որ եթե ուզում եք կարկանդակը մեզ հետ կիսել, ՀՀԿ-ի հասցեին հնչող վիրավորանքներն էլ պիտի կիսեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031