Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի շուրջ 2.5 հա զբաղեցնող այգու տարածքում ավարտին են մոտենում 1-ին փուլով նախատեսված շինբարեկարգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Առաջին հատվածում ամբողջությամբ ավարտվել է սալիկապատումը, որն առաջիկա օրերին կավարտվի նաև 2-րդ հատվածում: Առանձնացված են նաև կանաչ տարածքները, ուր համապատասխան նախագծի համաձայն աշնանը ծառատունկ է իրականացվել: Ներկայում մշակվում է շատրվանային համալիրի նախագիծը:
Հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Այգում կկառուցվի ամֆիթատրոն, նորովի լուծումներով կվերականգնվեն շատրվանները: 1970-ական թվականներին կառուցված այգին բոլորովին նոր տեսքով ու նոր հարմարություններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի 2016 թվականի գարնանը, իսկ մինչև տարեվերջ կավարտվեն 1-ին փուլով նախատեսված աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն