Դեկտեմբերի 12-13-ին Վանաձոր քաղաքում կազմակերպում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Մրցույթի ընթացքում ծրագրավորողներից եւ ոչ ծրագրավորողներից կազմված թիմերը կմշակեն տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետեւ գնահատելու է մասնագիտական ժյուրին, իսկ թիմերին իրենց աշխատանքի ընթացքում աջակցություն են ցուցաբերելու տեխնիկական աշխատակիցները:
Վանաձորում այս մրցույթի պարբերաբար անցկացման նպատակը, կազմակերպիչների վստահեցմամբ, հետաքրքրություն առաջացնելն է երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի արտադրանք ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վանաձորում մեծածավալ աշխատանքներ են կատարվում՝ քաղաքը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու համար:
Կարդացեք նաև
Այսօր այս միջոցառման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց. «Մեզ հաջողվեց Գյումրիում փոխել մտածելակերպ եւ կյանքի որակ, ստեղծել համապատասխան միջավայր նոր գաղափարներով հանդես գալու եւ տեղի մասնագետների միջոցով դրանք կյանքի կոչելու համար: Այս հաջող օրինակի հիման վրա ցանկանում ենք Վանաձորը նույնպես դարձնել տեխնոլոգիական հզոր կենտրոն: Նպատակին հասնելու առաջին քայլերն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը և նմանատիպ մրցույթների իրականացումը, ինչպիսին է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն 2015-ը»:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքերով՝ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է. «Մենք ստացել ենք 70 դիմում, ընդհանուր 250-ից ավելի մասնակիցներով։ Առաջարկվող լուծումները տարբեր ոլորտների են առնչվում՝ սկսած առողջապահությունից մինչեւ բնապահպանություն կամ առեւտուր։ Մեր կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու ամպային տիրույթում փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող թիմերին։ Կենտրոնը ոչ միայն շնորհելու է դրամական մրցանակ, այլեւ թիմերին կտրամադրի տեխնոլոգիական եւ բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը կայուն բիզնեսի վերածելու համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ