Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցավազրկող դեղ ենք տալիս՝ չի ազդում, քնաբեր ենք տալիս՝ չի քնում». ԱԺ-ն քննարկում է կեղծ դեղերի հարցը

Դեկտեմբեր 10,2015 16:40

«Առողջապահության նախարարությունը համապատասխան տեսչություն չունի՞, որ այցելի դեղատներ, գնի օրինակ, մեկ տուփ «տեռաֆլյու» եւ ստուգի՝ արդյոք այդտեղ «պարացետամոլի» քանակությունը բավարա՞ր է, թե՞ կավճի փոշի է»,- այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպիսի հարց ուղղեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կեղծ դեղերի դեմ պայքարի կոնվենցիան վավերացնելու հարցը:

Փոխնախարարը պատասխանեց, որ կոնվենցիայում նշված է՝ երկրները պետք է լաբորատոր կարողություններով, մասնագետներով պատրաստ լինեն: ՀՀ-ն ճանաչում է ռուսական, եվրոպական մի շարք ֆարմակոպիաներ,որտեղ գրանցված դեղն անպայման անցել է նախնական փորձարկումներ: Սերգեյ Խաչատրյանի պատմելով՝ օրինական ճանապարհով դեղը բերում են, հետո այլ ճանապարհներով մտնում է դրա նմանակը, կեղծ տարբերակը եւ հայտնվում շրջանառության մեջ, ուստի հարցեր են առաջանում մեր համակարգի հետ: Կոնվենցիան մեզ գործիքներ է տալու, որ կարողանանք այդ գործիքներով զերծ պահենք եւ չթողնենք, որ ներմուծեն»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ դեղերի որակից Հայաստանում դժգոհում են ոչ միայն հիվանդները, այլեւ բժիշկները. «Ես հանդիպել եմ բժիշկների, ովքեր ասում են, որ վիրահատության ժամանակ ցավազրկող դեղ ենք տալիս՝ ընդհանրապես չի ազդում, քնաբեր ենք տալիս՝ չի քնում: Բոլորովին այլ բան է, երբ կոշիկ են կեղծում, հագուստ են կեղծում, չինական է, թե իտալական է, մեծ հաշվով էական չէ, բայց այս հարցում կեղծելը չարիք է, ազգի դավաճանություն է, հանցագործություն է»:

Հովհաննես Մարգարյանը հարցրեց սրտի ստենդավորման սարքերից՝ որեւէ մեկը գիտի՞, թե ինչ որակի են դրանք, որեւէ հսկողություն կա՞: Ուռուցքային հիվանդությունների ժամանակ երբ օգտագործում են քիմիա կոչվածը, հարազատները դռնեդուռ են ընկնում, գումար են հավաքում, վարկերի տակ են ընկնում, որ օգնեն, բայց հակառակն է ստացվում:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ իրենք չեն հայտնաբերել ինչ-որ մի բուժհիմնարկում կեղծ դեղ. «Նման դեպքերի հայտնաբերման պարագայում անմիջապես գործողությունների ենք դիմում»:

Հովհաննես Մարգարյանը չհամաձայնեց, երբ փոխնախարարն ասաց, որ ՀՀ-ում դեղերի կեղծման ընդամենը 1 դեղ են հայտնաբերել. «Չի կարող պատահի, օրինակներ կարող եմ բերել: ՀՀ-ից դուրս փորձեք գնել «Ասկոֆեն»: Այստեղ մի բուռ խմում ես՝ գլուխդ ավելի շատ է ցավում: Նույնիսկ ՌԴ-ից, Ուկրաինայից գնում ես՝ ազդում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031