ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի հանդիպման 21-րդ նստաշրջանին/COP21/:
Կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում նախատեսվում է ընդունել իրավական ուժ ունեցող միջազգային համաձայնագիր, ըստ որի աշխարհի բոլոր պետությունները պետք է ստանձնեն Կլիմայի փոփոխության զսպմանը նպատակաուղղված հանձնառություններ (կամ ինչպես որոշված է անվանել՝ ներդրումներ):
Դեկտեմբերի 5-ի լիագումար նիստին համաժողովի նախագահ Լորան Ֆաբիուսին պաշտոնապես հանձնվել է կոնվենցիայի շրջանակում ստեղծված «Դուրբանի հարթակ» կոչվող ժամանակավոր օժանդակ մարմնի կողմից մշակված ապագա համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրի նախագիծը դեռ պարունակում է մեծ թվով անհամաձայնեցված դրույթներ, որոնց շուրջ ընթանում են բանակցություններ համաժողովի շրջանակներում: Համաձայնագրի ընդունումը նախատեսվում է համաժողովի ավարտական լիագումար նիստում` դեկտեմբերի 11-ին:
ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև Ֆրանկոֆոն երկրների նախարարական հանդիպմանը, որը նվիրված է եղել կլիմայի փոփոխության խնդիրներին:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Նաոկո Իշիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ