Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս գիտենք Հայաստանում դեղ ներմուծող մաֆիոզներին՝ անուն առ անուն». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 10,2015 16:15

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ստորագրած Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ երբ դեղերը, բժշկական սարքավորումները փաթեթավորում են այնպես, որ մոլորեցնում են մարդկանց, սպառնալիք են դառնում մարդու առողջության համար. «Տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ոչ մասնագետների համար դժվար է տարբերել կեղծ դեղերը, կեղծ արտադրանքն իրականից: Կեղծ դեղերի շրջանառությունը 100 մլրդ եվրոյից ավելի է կազմում: Դրա համար առաջ է եկել նման կոնվենցիայի ընդունումը»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը վիճակագրական տվյալներ ուզեց, թե որքա՞ն կեղծ դեղ է արտադրվել ՀՀ-ում. «Ասացիք կեղծ դեղերի 80 տոկոսը ներմուծվում է այստեղ, հնարավորություն ունեցե՞լ եք դրանց մի մասը առգրավել, թե՞ կոնվենցիան պետք է լիներ, որ այդ խնդիրը կարողանայիք լուծել»:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ 85 տոկոսն օրինական ճանապարհով է մտել. «Երկրում արտադրված կեղծ դեղեր չենք հայտնաբերել: 2013-2014-ին հարուցվել է 151 վարչական վարույթ՝ չգրանցված կամ կեղծ դեղերի առումով: Կիրառվել է 59 կազմակերպության նկատմամբ: Հայտնաբերվել է շուրջ 170 անվանում չգրանցված դեղ այս 2 տարվա ընթացքում: 2014-ին կեղծ դեղի հայտնաբերում ունեցել ենք 1 անվանում 3 դեղատներում՝ Երեւանում եւ Վանաձորում, որի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն  էլ ասաց, որ մարդիկ հատկապես երեխաների դեղերն աշխատում են դրսից բերել, իսկ այդ պահանջը հենց այնպես չի առաջանում: Պատգամավորը զարմացավ՝ փաստորեն, մարդու առողջության, կյանքի հետ խաղ են անում, գուցե ալերգիա առաջացնի այդ կեղծ դեղը եւ միայն վարույթ են հարուցել ու վե՞րջ:

Փոխնախարարը պատասխանեց. «Տուգանքը 10 անվանում դեղի համար ընդամենը 50-100 հազար դրամ է ու քանի որ այդ դեղերը շատ թանկ են, այդ 50-100 հազար դրամը խնդիր չի դեղատների համար: Իրականում ամենօրյա վերահսկողություն իրականացնել բոլոր դեղատներում չենք կարող»:

Փոխնախարարն ասաց, որ ուզում են օրենքում նոր կարգավորումներ անել եւ կեղծ դեղեր արտադրելու համար քրեական պատիժ սահմանել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Մենք բոլորս գիտենք Հայաստանում դեղ ներմուծող մաֆիոզներին՝ անուն առ անուն, բոլոր հանցագործներին, որոնք պիտի վաղուց նստած լինեին, որովհետեւ նրանք մանկական սնունդ են կեղծում, մանկական դեղ են կեղծում: Նրանք բերում են կեղծ դեղ, որտեղ ազդող բաղադրիչը կամ ընդհանրապես չկա, կամ հակառակ ազդեցությունն է ունենում: Հիմա մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վավերացնելով այս կոնվենցիան, կկարողանանք քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր հայկական այն դեղագործ մաֆիոզներին, որոնց անուն առ անուն բոլորս էլ գիտենք: Խոսքը միայն չգրանցված դեղերի մասին  չէ, այն մասին է, որ արտադրողները երրորդ երկրների համար արտադրում են նույնանուն դեղ, որտեղ ազդող բաղադրիչը գրեթե զրոյական է: Այս երեւույթի դեմ ո՞վ է պայքարելու, ո՞վ է բռնելու մանկական դեղեր կեղծող հայ մաֆիոզի ձեռքը»:

Փոխնախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ սահմանային հսկողության եւ իրավապահների խնդիրն է:

Ըստ Սերգեյ Խաչատրյանի, կեղծ դեղերի մեջ կարող են լինել նաեւ թունավոր բաղադրիչներ, չի բացառվում, որ նման դեղերը մտնում են ՀՀ, բայց առայժմ չեն հայտնաբերել թունավոր բաղադրությամբ կեղծ դեղեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031