Ճանապարհային երթեւեկության տասնյակից ավելի խախտումներ, որոնք կատարելիս վարորդները միանգամից տուգանվում էին, փոխարինվել են նախազգուշացմամբ: Այսօր կառավարության նիստից հետո, ասուլիսում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ մինչ տուգանումը նախ վարորդները կնախազգուշացվեն:
Ըստ նրա, կատարված խախտումների տեսանյութերը կդրվեն համապատասխան կայքում, եւ վարորդները կտեսնեն իրենց կատարած խախտումները: Դրանք կրկնելու դեպքում` կտուգանվեն: Առաջին անգամից չեն տուգանվի նաեւ վարորդական վկայականը մոռացած, տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցրած վարորդները: Վարորդին հնարավորություն եւ ժամանակ կտրվի դրանք շտկելու:
Վկայականը մոռացած վարորդին 24 ժամ ժամանակ կտան այն ներկայացնելու: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մգեցված ապակիների հետ կապված տուգանքը, որը մինչ այս 50 հազար դրամ էր, իջեցվել է` դառնալով 30 հազար, սակայն նույն խախտումը կրկնելու դեպքում ավելի խիստ տուգանքներ են նախատեսված: Եթե օրինակ վարորդը ղեկին նստում է ոչ սթափ վիճակում եւ մեկ-երկու անգամ տուգանվում է, ապա նույն խախտումը կատարելու դեպքում ժամանակավորապես, նույնիսկ, զրկվում վարորդական վկայականից, ապա փոփոխություններով նախատեսվում է այդ բոլոր պատիժներից հետո մինչեւ մեկ տարի ազատազրկում, եթե կրկին ոչ սթափ վիճակում մեքենա կվարի:
Ինչ վերաբերում է օտարերկրյա պետհամարանիշերով մեր երկրում խախտում կատարելուն, ապա, արդարադատության նախարարն ասաց, որ նրանք սահմանը հատելուց կնախազգուշացվեն տուգանված լինելու մասին եւ եթե տուգանքը չվճարեն մեկ տարի մեր երկիր մուտք գործելու իրավունք չեն ունենա:
Կարդացեք նաև
Մի փոփոխություն էլ տեսախցիկների մասով է եղել: Ըստ նախարարի, ցանկացած դեպք, եթե կասկած է հարուցում` խախտում եղել է թե` ոչ, մեկնաբանվելու է հօգուտ քաղաքացու. «Քաղաքացին չէ, որը ապացուցելու է, որ խախտում չի արել, եթե կա կասկածելի իրավիճակ, ապա վարչական մարմնի վրա է դրվելու ապացուցելու բեռը»:
Վարորդները նաեւ պարբերաբար դժգոհություն են հայտնել չսահմանված վայրերում անգամ կես րոպեով կանգառ կատարելիս տուգանվելու մասին: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս առնչությամբ եւս փոփոխություն է կատարվել. Մինչեւ մեկ րոպե վարորդը կարող է կանգառ կատարել, եթե այդ կանգառը լուրջ խոչընդոտ չի առաջացնում երթեւեկության համար:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կրճատվել են պետական մեքենաներով վարչական վարույթ չիրականացնելու դեպքերը, այսինքն` այսուհետ, ըստ նախարարի, միայն ազգային անվտանգության, ոստիկանության եւ պաշտպանության նախարարության ավտոմեքենաների համապատասխան ծառայողների դեպքում է, որ վարչական վարույթ չի իրականացվի: Խոսքը չի վերաբերում նույն գերատեսչությունների տեխնիկական սպասարկում իրականացնողներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ