Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ-ի բողոք-դիմումով վերահաշվարկվեցին 7/04 ընտրատեղամասի արդյունքները: «Այո» քվեաթերթիկների թիվն ավելացավ 21-ով, որոնցից 3-ը ճանաչվեց անվավեր, արդյունքում՝ «Այո»-ի թիվը 361-ից դարձավ 386, «Ոչ»-ի քվեաթերթիկներից մեկը անվավեր ճանաչվեց՝ 208-ից դառնալով 207, մարված քվեաթերթիկներից մեկն էլ ճանաչվեց անվավեր: Արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 5-ով ավելացավ՝ 30-ից դառնալով 35:
7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Ալիկ Ավագյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քվեարկության ավարտից հետո, երբ հանձնաժողովի նախագահը արկղը բացել է, հանձնաժողովի անդամները գունաթափվել են, քանի որ անընդհատ «Այո»-ի քվեաթերթիկներ էին դուրս գալիս. «Ծրարը բացում էին ասում էին «Այո», ներկա էին երկու դիտորդներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայից, իրենք իրենց մոտ նշումներ էին անում: Երբ որ բոլոր քվեաթերթիկները հանեցին՝ պարզ դարձավ դիտորդների նշած թվերով հստակ, որ 407 հատ «Ոչ» եղել է, 30 հատն անվավեր եւ 187 հատ «Այո»: Իրենք անգիր գիտեին, որ մոտ 2.5 անգամ պարտվում էին, դրա համար ստիպված գնացին ուրիշ քայլերի: Այսինքն՝ խառնաշփոթ ստեղծեցին, 200 հատ «Ոչ»-ը գողացան եւ դրա փոխարեն նախօրոք պատրաստված նույն քանակությամբ մոտավորապես «Այո»-ները բերեցին լցրեցին եւ վերահաշվարկում արդյունքը տարբեր եղավ. «Այո»-ն դուրս եկավ հաղթած: Իրենց գաղափարը շատ լավ աշխատում էր, որ ինչպես կարելի է կեղծիքներ անել, որ չբացահայտվի, նրանք մեր կնքած քվեաթերթիկների հաշվին չեն արել այդ կեղծիքները, իրենք լրացուցիչ քվեաթերթիկներ են ունեցել, ելունդներն էլ ոչնչացրել են, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան: Իսկ եթե օգտագործեին այնքան քվեաթերթիկներ, ինչքան տրամադրված էր, իրենք կունենային 200-ից ավելի ելունդ, խնդիր կունենային, այդ կարգով կգնան կեղծիքների»:
Նա նշեց, որ պատրաստվում է բողոքարկել մի քանի ընտրախախտումները. «Ես իմ հույսը դրել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տվյալների վրա, որ պետք է ներկայացվի եւ պարզ ապացույց, որ իրոք «Ոչ»-ի 200 հատ քվեաթերթիկները գողացվել են, դրա փոխարեն 200 հատ կեղծ «Այո» են սարքել դրել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ