Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը եւ «ՌեԱնիմանիա» փառատոնը շարունակելու են գործակցությունը՝ ֆրանսիական անիմացիոն կինոյի զարգացման, հայ եւ ֆրանսիացի գործընկերների համատեղ աշխատանքի կազմակերպման նպատակով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը: «Անիմացիայի բնագավառում տեխնիկական միջոցները գնալով բարդանում են, անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդները ծանոթանան այդ մեթոդներին: Այդ նպատակով էլ դեսպանատունը երկու կրթաթոշակ է սահմանել, որի շնորհիվ երկու պատանի կսովորի ֆրանսիական Անգուլեմ քաղաքի հայտնի անիմացիայի դպրոցում: Նրանք կվերապատրաստվեն նոր տեխնոլոգիաների օգտագործման ուղղությամբ»:
Մանրամասնելով կրթաթոշակի մասին՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին ասաց, որ Անգուլեմը Եվրոպայում հայտնի է որպես անիմացիայի եւ արվեստի քաղաք. «Դպրոցի հետ պայմանագիրն արդեն կնքված է: Ավելի վաղ մրցույթ էին հայտարարել եւ 8 դիմորդներ գնացել էին Ֆրանսիա: Նրանցից կրթաթոշակ կստանան երկուսը: Մեկի ընտրությունը ֆրանսիացի գործընկերները պայմանավորել են այն փաստով, որ նա իր տարիքի համեմատ անիմացիոն արտադրության մեծ փորձ ունի: Մյուսն էլ աչքի է ընկնում նկարչական չկրկնվող ոճով»:
Կրթաթոշակին արժանացած դիմորդները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ են՝ Լեւոն Բաղդասարյանը եւ Շուշանիկ Եսայանը: «Նոր սերնդի անիմատորները մեր երկրում 15-20 հոգի են, բոլորս ճանաչում ենք իրար: Սա լավ հնարավորություն է սովորելու եւ գիտելիքները նաեւ մեր ընկերներին փոխանցելու համար»,-նշեց 20-ամյա Լեւոնը: Շուշանիկն էլ ասաց, որ հետագայում գուցե գործակցի «ՌեԱնիմանիա»-ի հետ»:
Կարդացեք նաև
Հայաստան վերադառնալուց հետո Լեւոնը եւ Շուշանիկը կպատրաստեն փառատոնի գովազդային հոլովակները: Վրեժ Քասունին նաեւ տեղեկացրեց, որ մինչ օրս փառատոնը 15 երիտասարդի է ուղարկել արտասահման՝ վերապատրաստվելու. «Վստահ եմ, որ նրանք իրենց ներդրումը կունենան անիմացիայի ոլորտի զարգացման գործում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ