Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին եւ թեմական խորհրդի անդամներին:
Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու եւ մասնավորապես Արգենտինայի Հայոց թեմի դերը:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել քրիստոնեական ավանդական արժեքների տարածումը Սփյուռքի երիտասարդության շրջանում եւս:
ԱԺ փոխնախագահը հերթական անգամ նշել է, որ հոգեւոր արժեքները մեր օրերում պաշտպանության կարիք ունեն: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել ինչպես Ջուղայի խաչքարերի, այնպես էլ Մերձավոր Արեւելքում հայկական քրիստոնեական մշակութային կոթողների ոչնչացումը:
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահը եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Էդուարդ Շարմազանովը նույն վայրում Արցախի հերոս ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարի մոտ լռությամբ ու խոնարհումով է հարգել նաեւ hերոսամարտում զոհվածների հիշատակը: