ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանից
Բ Ո Ղ Ո Ք
Հարգելի պարոն Անդրեասյան
Կարդացեք նաև
2015 թ. դեկտեմբերի 1-ից մինչ օրս Երևանի Ազատության հրապարակում կազմակերպում եմ շուրջօրյա հանրային հավաքներ՝ հանդես գալով նաև որպես այդ հավաքների ղեկավար: Նախատեսում եմ այդպիսի շուրջօրյա հավաքներ կազմակերպել նաև առաջիկայում: Տեղեկացնում եմ, որ այդ հավաքներն ուղեկցվում են 24 ժամ անընդհատ անցկացվող նստացույցով:
Հաշվի առնելով օդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին բաց երկնքի տակ գտնվող նստացույցի և, առհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանր սպառնացող վտանգը, դիմել եմ լիազոր մարմին՝ հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաև վրաններ ընդգրկելու խնդրանքով:
Լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով, որ Ազատության հրապարակի տարածքում գտնվող Հանդիսատեսային շենքը, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ու Արամ Խաչատրյանի հուշարձանները և Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը, մշակույթի հուշարձաններ են, վրաններ տեղադրելու մասով իրազեկումն ի գիտություն ընդունելու համար կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ Մշակույթի նախարարին:
Մշակույթի նախարարն առանց որևէ ողջամիտ հիմնավորման կարծիք է ներկայացրել, որ վրանների տեղադրումը կարող է վնասել հուշարձանին, ինչը որպես հիմք ընդունելով՝ լիազոր մարմինը ձևական պատճառաբանություններով մերժել է վրաններ տեղադրելու մասին դիմումը: Մշակույթի նախարարի նման կարծիքի անհիմն լինելն ապացուցվեց մամուլին տրված նրա բանավոր պարզաբանմամբ, որտեղ նա բառացի նշեց, թե վրանները կարող են վնասել հուշարձանի պատերը: Եթե դիտավորության հանգամանքը հաշվի չառնենք, ապա տպավորություն է առաջանում, որ Մշակույթի նախարարի և նրա աշխատակազմի պատկերացմամբ՝ հավաքի մասնակիցները վրանները պետք է կախեն հուշարձանի պատերից: Իր հերթին՝ ՀՀ Ոստիկանությունը, հիմք ընդունելով լիազոր մարմնի այս մերժումը, բռնությամբ արգելում է ցրտից պատսպարվելու այդ միակ տարբերակին դիմելու բոլոր փորձերը և վարչական պատասխանատվության է ենթարկում վրան տեղադրելու փորձ անող քաղաքացիներին:
Մինչդեռ վրանները տեղադրվելու են Ազատության հրապարակի ասֆալտի վրա՝ որը մշտապես ենթարկվում է վրանների ազդեցության համեմատությամբ շատ ավելի մեծ ազդեցություն ունեցող տրանսպորտի և այլ առարկաների հետ շփման:
Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը և Ոստիկանությունը գործում են համակարգված կերպով՝ նպատակ ունենալով անգամ քաղաքացիների կյանքը և առողջությունը վտանգի ենթարկելու միջոցով խափանել իմ կազմակերպած հավաքների անցկացումը, քանի որ դրանք ունեն ընդդիմադիր բովանդակություն:
Ակնհայտ է նաև, որ նշված մարմինները և դրանց համապատասխան պաշտոնատար անձինք պետության պոզիտիվ պարտականությունների կատարումն ապահովելու փոխարեն ձևական պատճառաբանությունների հիման վրա՝ չարաշահելով այդ ձևական պահանջները, կոպտորեն խախտում են գործող Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով ու սկզբունքներով ամրագրված՝ մարդու և քաղաքացու մի շարք հիմնական իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, առողջության, խոսքի և հավաքների ազատության: Բացի այդ՝ նրանք կոպտորեն խախտում են նաև Սահմանադրության նորմերի՝ բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու և դրանք անմիջականորեն կիրառելու վերաբերալ սահմանադրաիրավական պահանջները:
Այդ մարմիններն ու պաշտոնատար անձինք հավաքների մասնակիցների նկատմամբ ըստ էության դրսևորում են նաև անմարդկային և դաժան վերաբերմունք, քանի որ բացասական ջերմաստիճանի պայմաններում վարչական պատասխանատվության և դրա սպառնալիքի միջոցով արգելում են նրանց պատսպարվել ցրտից:
Այդ մարմինները նաև անտեսում են նախադեպի և, դրանով հանդերձ՝ հավասար մոտեցման հիմնարար իրավական պահանջը՝ դրսևորելով կամայականություն: Մինչդեռ 1988 թ. սկսած Ազատության հրապարակում բազմիցս տեղադրվել են վրաններ:
Հարկ է նաև փաստել, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես թերացել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր պարտականությունները կատարելու առումով, քանի որ նշված մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրեր շարունակ բացառիկ հասարակական նշանակություն ունեցող հարցի՝ հանրաքավեի գործընթացի հանրային վերահսկողության հետ կապված հավաքների անցկացման ժամանակ հրապարակավ տեղի են ունեցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումներ, ինչի պարագայում Մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր է իր նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկումը:
Վերը նշվածի հաշվառմամբ, խնդրում եմ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Ազատության հրապարակում հավաքներ անցկացնող քաղաքացիների վերը նշված իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և դրանց իրացումը երաշխավորելու ուղղությամբ՝ առաջին հերթին ապահովելով վրանների տեղադրման հնարավորությունը:
Հաշվի առնելով նշված մարմինների և պաշտոնատար անձանց անմարդկային վարքագիծը, խնդրում եմ սույն բողոքը քննարկելիս նկատի ունենալ նաև, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածին համապատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանը նաև հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Հարգանքով՝
Վարուժան Ավետիսյան