«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը։
– Պարտն Կարապետյան, կխնդրեի ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի Ձեր գնահատականը։
– Ես որպես Հայ Ազգային Կոնգրեսի պատասխանատուներից մեկը Նոր Նորքում, կարող եմ փաստել՝ իշխանությունները ստում էին, երբ ասում էին, թե սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն իրենց համար կենաց-մահու կռիվ չէ։ Իրենք այդ օրը հենց կենաց մահու կռիվ տվեցին, քանի որ խնդիր էր դրված՝ ամեն գնով ապահովել որոշակի քանակությամբ «այո»։ Այնպես որ, կարող եմ արձանագրել՝ հանրաքվեն ծայրից ծայր կեղծված է։
Բերեմ հիմնավորումներ։ Միայն Նոր Նորքի 5-րդ զանգվածի մի քանի տեղամասում ընտրողների մասնակցության շատ բարձր թիվ է արձանագրվել՝ քվեարկել է 1400 հոգի։ Երբ սա համեմատում ես մյուս տեղամասերում արձանագրված թվերի հետ, որտեղ 600-700, առավելագույնը 800 հոգի է մասնակցել, ապա նրանց հրապարակած տվյալներն անարժանահավատ են հնչում, առավել եւս, երբ այդ տեղամասերում «այո»-ն ստացել է հազարից ավելի ձայն։ Դա պարզապես անհնար է։ Եվ հիմա, երբ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը խոչընդոտում է չորս տեղամասերում վերահաշվարկի վերաբերյալ մեր ներկայացրած դիմում-բողոքը, պարզ է դառնում, թե դեկտեմբերի 6-ին ինչպիսի ինստիտուցիոնալ կազմակերպված հանցագործություն է եղել։
Կարդացեք նաև
– Իսկ ինչպե՞ս է ԸԸՀ-ն խոչընդոտում։
– Ես անձամբ թիվ 2 ԸԸՀ չորս ընտրատեղամասերի վերաբերյալ ներկայացրել եմ 4 դիմում-բողոք՝ վերջնաժամկետից 10 րոպե առաջ։ Գրանցամատյանում դրանք արձանագրվել են առաջինից չորրորդ համարների տակ։ Ինձանից առաջ դիմում-բողոք ներկայացնողներ չեն եղել։ Ես գտնվել եմ ԸԸՀ-ում մոտավորապես մինչեւ ժամը 18:15–ը, այսինքն՝ վերջնաժամկետի ավարտից հետո դեռ 15 րոպե ավելի, եւ հստակ էր, որ ինձանից բացի ուրիշ մարդ ԸԸՀ դիմում-բողոք չի ներկայացրել։ ԸԸՀ նախագահը, որի հետ ես ունեմ նորմալ հարաբերություններ, այդ օրը այլ կուսակցությունների կողմից դիմում-բողոքներ ստանալու մասին ոչինչ չասաց։ Բայց մի քանի ժամ անց պարզվեց, որ մոտ 10 ընտրատեղամասերում վերահաշվարկի պահանջով դիմել են նաեւ ՀՀԿ-ականները։
Ավելին, հաջորդ օրը առավոտյան առանց մեր վստահված անձանց տեղյակ պահելու, ԸԸՀ-ում վիճակահանություն են արել՝ որոշելու, թե ո՞ր տեղամասերից սկսեն հաշվարկը։ Այդ «վիճակահանության» արդյունքում մեր դիմում-բողոքները պետք է քննվեն վերջում։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրվա մեջ կարող են առավելագույնը 3 ընտրատեղամաս ստուգել, իմ ներկայացրած բողոքները քննելուն հերթը չի հասնի։ Այս պատկերը համատարած է։
Նման պատկեր է ոչ միայն Նոր Նորքում, այլեւ Հայաստանի մյուս տարածքներում։ Սա թույլ է տալիս փաստել, որ ընտրատարածքային հանձնաժողովներն իրականացնում են քաղաքական պատվեր՝ թույլ չտալու ՀԱԿ բողոքների հիման վրա ընտրատեղամասի արդյունքների հաշվարկ, քանի որ լավ գիտեն, թե ինչ ծավալների խախտումներ են եղել եւ վերահաշվարկի դեպքում ինչեր կարող են բացահայտվել։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում