Լրահոս
Օրվա լրահոսը

Կա «բողոքական ընտրազանգված», որն ամեն պարագայում հարաբերականորեն կայուն է եւ պահպանում է իր դիրքորոշումը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 10,2015 11:27

Անցած կիրակի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները որոշակի մտորումների առիթ են տալիս: Ի շարս այլ դիտարկումների, ուշադրություն է գրավում «ոչ»-ի օգտին քվեարկած քաղաքացիների թիվը, որ, ըստ նախնական արդյունքների, 420 հազարից քիչ ավելի է:

Ճիշտ է, տարբեր մեկնաբաններ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, հակված են դա գնահատել որպես ոչ թե կամ ոչ այնքան «Ոչ»-ի զույգ ճակատների ձեռքբերում, որքան «քվեարկություն իշխանության դեմ»: Այդ դատողության մեջ, ինչ խոսք, որոշակի ճշմարտություն կա:

Բայց տվյալ պարագայում հետաքրքրական է հենց վերոհիշյալ տվյալը: Մանավանդ եթե այն համադրում ենք, օրինակ, վերջին երկու նախագահական ընտրությունների, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդիմության հիմնական թեկնածուների արձանագրած արդյունքների հետ:

Թերեւս ավելի տեղին է նախագահական ընտրությունների արդյունքների հետ համեմատությամբ դիտարկելը, քանզի իր ընտրողական տրամաբանությամբ հանրաքվեն դրանց ավելի է մոտ, քան խորհրդարանական ընտրություններին: Համենայն դեպս նախագահականի ժամանակ ընտրազանգվածի տրամադրություններն առավել համախմբված են դրսեւորվում՝ նկատի ունենալով 2 կամ 3 հիմնական թեկնածուների միջեւ ընտրություն կատարելու պարագան:

Եվ այսպես. թեթեւակի հիշեցնենք, որ 2008 թվականին, ըստ պաշտոնապես արձանագրված արդյունքների, Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել էր շուրջ 350 հազար ձայն: Ըստ որում՝ նկատի ունենանք, որ այդ շրջանում նույնպես ընդգծված ընդդիմադիր դիրքավորվող ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ 272 հազար քվե էր ստացել: Իսկ 2013-ին՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր գրեթե 540 հազար քաղաքացի:

Անզեն աչքով էլ դժվար չէ նկատել, որ այդ արդյունքներն ու «Ոչ»-ի օգտին անցած հանրաքվեում ստացված ձայների թիվը միանգամայն համադրելի են:

Ինչի մասին են վկայում այդ համադրելի տվյալները: Ամենից առաջ դրանք ցույց են տալիս, որ կա, այսպես կոչված, «բողոքական ընտրազանգված», որն ամեն պարագայում հարաբերականորեն կայուն է եւ պահպանում է իր դիրքորոշումը: Դա, կարելի է ասել, իսկապես քաղաքական լուրջ կապիտալ է: Ըստ որում՝ այդ «կապիտալը» իր տեղում է: Բայց արի ու տես, որ հայրենի ընդդիմադիր քաղաքական ուժերը «կապիտալիստ» չեն:

Համենայն դեպս հարց է ծագում, թե անցած 7-8 տարիներին ո՞ր ընդդիմադիր ուժն է կարողացել համախմբել, մեկտեղել այդ կայուն, քաղաքական առումով իսկապես տպավորիչ ու լուրջ հավակնությունների հիմք տվող ընտրազանգվածը: Պատասխան՝ ցավոք, ո՛չ մեկը:

Նախորդ հրապարակումներից մեկում անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարություններին՝ նկատել էինք նրբերանգներ, որոնք առիթ էին տալիս ենթադրելու, թե այս անգամ նրանք գոնե կփորձեն չփոշիացնել այդ կապիտալը՝ 2017թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ: Միաժամանակ նաեւ նշել էինք, որ մինչեւ հիմա հայրենի ընդդիմադիրները, այդ թվում՝ ՀԱԿ-ը, ավելի շատ հմտացել են հենց փոշիացման «գործում»:

Մեզ, իհարկե, կարող են հակադարձել՝ ի՞նչ «փոշիացման» մասին է խոսքը, եթե ինքներդ եք ասում, որ տվյալ ընտրազանգվածը կայուն իր դիրքորոշումն արտահայտում է: Արտահայտելը, իհարկե, արտահայտում է, բայց ի՞նչ է լինում հետո:

Արդյոք այդ տպավորիչ «կապիտալը» հայրենի ներքաղաքական գործընթացներում դառնո՞ւմ է կամ հանդե՞ս է գալիս նույն այդ ընդդիմադիր գործիչների, ուժերի հասարակական, քաղաքական հենարանի դերում՝ այդպիսով նրանց դարձնելով ազդեցիկ, այսպես ասած՝ իշխանության աշխատասեղանին բռունցքով խփող, իրենց ասելիքն անցկացնող, կամ ինչպես սովորաբար նշում են՝ որոշումների վրա ազդող:
Էլի՝ ցավոք, ո՛չ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031