Ճանաչված լեզվաբան, հայագետ եւ ակտիվ քաղաքացի Դավիթ Գյուրջինյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն է ստացել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, արդյունքներից եւ այդ ամենի համատեքստում եղած զարգացումներից: «Այս հանրաքվեն էլ անցավ: Եվ այս անգամ էլ ժողովրդի ձայնը լսելի չեղավ: Նրա հաստատակամ ասված «Ոչ»-ը կեղծիքով, խաբեությամբ, բռնությամբ ու կաշառքով «այո» դարձավ (այդ են վկայում բազմաթիվ տեսանյութեր, քվեարկությանը մասնակցածների վկայություններ և այլն): Պիտի ընդունենք նաև, որ «այո» ձևավորվեց հաճախ մեր համերկրացիների անտարբերության և քաղաքացիական հստակ դիրքորոշում չունենալու, ինչպես և շատերի վախի ու ստրկամտության պատճառով»,- ասաց պարոն Գյուրջինյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Իշխանություն-ժողովուրդ «մենամարտում» փաստացի ժողովուրդը պարտվեց: Իրականում պարտվեց նաև իշխանությունը. նրա նկատմամբ վստահությունը արմատապես խախտված է: Հանրաքվեից հետո հիասթափության, որոշ դեպքերում անզորության և վհատության տրամադրություն նկատվեց, բայց դա, իմ տպավորությամբ, շատ կարճ տևեց: Հայաստանցիները, որ «կոփվել են» տարատեսակ ընտրությունների բովում, նույնիսկ սկսեցին հումոր անել: Թեպետ եղածը հումորի բան չէ: Սակայն ուրախալի մի երևույթ, այնուամենայնիվ, կա. շատ մարդիկ, նրանց մեջ նաև մեծաթիվ երիտասարդներ, տակավին չեն կորցրել վճռականությունը: Գիտենք, որ անգամ տոկուն աղջիկներ են եղել կեղծիքները խափանողների մեջ: Վստահ եմ, որ այդպիսի երիտասարդներն անշուշտ շատանալու են: Դա հույս է ներշնչում, որ ամեն բան կորած չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ