Դեկտեմբերի 9-ին Հանոյի Սուրբ Ջոզեֆի կաթոլիկ տաճարում Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պատարագին մասնակցեցին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, Հայ-վիետնամական բարեկամական խմբի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, վիետնամցի և օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:
Հանոյի Արքեպիսկոպոս Զոզեֆ Նգո Քուանգ Կիետը ներկաներին ուղղված իր խոսքում ասաց, որ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը Վիետնամի կաթոլիկ եկեղեցին հայ ժողովրդի կողքին է։
Պատարագի ավարտին դեսպան Ռաիսա Վարդանյանը Հանոյի Արքեպիսկոպոսի հետ առանձնազրույցում ընդգծեց, որ քաղաքակիրթ մարդկությունը քաջ գիտակցում է խաղաղության արժեքը, սակայն դեռևս կան երկրներ, որոնք ոչ միայն չեն հասկանում խաղաղության խորհուրդը, այլ նաև շարունակում են սերմանել անհանդուրժողականություն և վարում են ժխտողական քաղաքականություն։
Կարդացեք նաև
Ըստ դեսպան Վարդանյանի` հայ և վիետնամացի ժողովուրդներն իրենց համատեղ ջանքերը պետք է գործադրեն անարդարության դեմ պայքարում։ Հայ ժողովուրդը իր օրինակով ցույց է տվել ամբողջ աշխարհին, որ նույնիսկ հարյուր տարի անց կարելի է պայքարել և հասնել արդարության՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների։
ՀՀ ԱԳՆ