Երրորդ հանրապետությունն այլևս սահմանադրություն չունի: Ինչպես որ չունի օրինական նախագահ, խորհրդարան կամ կառավարություն: Հանրապետական հորջորջվող հանցախումբը, իր տարաբնույթ գործընկերների հետ, շարունակում են ժողովրդական կամարտահայտության հետևողական ոտնահարումները:
Նման հաստատում անելիս «Հայազն» կուսակցությունը հիմնվում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի սեփական դիտարկումների, այլ առարկայական փաստերի և պաշտոնական տվյալների հետ դրանց բացարձակ անհամապատասխանության վրա:
Հատուկ հարկ է նշել, որ հանրաքվեի խայտառակ արդյունքները որպես իրավական փաստ ճանաչող բոլոր ուժերը կիսելու են պատասխանատվությունը իշխող վարչախմբի հետ։
Հանրաքվեի առիթն օգտագործելով, Հայ ժողովուրդը, բացառությամբ իշխող հանցախմբի կողմից ստորացված հատվածի, ոչ թե ընտրություն կատարեց պետական կաղապարների միջև, այլ աներկբա ՈՉ ասեց իր ապօրինի իշխանությունը երկարաձգել փորձող, ամենօրյա գոյությամբ Երկրի անվտանգությանը, ներքին և արտաքին ինքնիշխանությանը սպառնացող վարչախմբին:
Կարդացեք նաև
Մյուս կողմից սա հստակ ազդանշան էր Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական միավորներին, որ ժողովուրդը բավարար կամք և վճռականություն ունի պայքարելու և սպասում է համապատասխան կազմակերպական առաջարկության:
Վստահ ենք, որ իր անհեռատես քայլերով, իշխող վարչախումբը մոտեցնում է սեփական կործանումը: Մեր խնդիրն է թույլ չտալ, որ այն վերաճի նաև Հայոց պետականության կործանման:
Առաջին իսկ ազգընտիր կառավարությունը ստիպված է զրոյից սկսել Հայոց ազգային պետության իրավական հիմքերի կառուցումը’ ուղղակի անտեսելով սահմանադրություն կոչվող անօրինական փաստաթղթի գոյությունը և ազգային հեղափոխությունից հետո կիրառելով ժամանակավոր սահմանադիր օրենք’ մինչ սահմանադիր ժողովի միջոցով նոր հիմնական օրենքի մշակումն ու հաստատումը:
«Հայազն» կուսակցությունը պատրաստ է շարունակել իր պայքարը հանուն Հայաստանում սահմանադրական նոր կարգի հաստատման, դրանում օգտագործելով բոլոր հասու միջոցները’ սկսած իշխող վարչախմբի թելադրած ընտրական կանոններից, վերջացրած ժողովրդի ապստամբության իրավունքին աջակցությամբ:
«Հայազն» կուսակցության վարչություն
9 դեկտեմբերի 2015թ.