Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ղարաբաղյան «ակնարկները» Մոսկվային

Դեկտեմբեր 10,2015 14:30

Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից,
բայց ոգեւորված` Լավրովի առաջարկներից

Սկիզբը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։
Մամեդյարովն առիթը բաց չի թողել դժգոհելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Նա հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չկա. «ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունները դեռեւս շարունակում են եվրոպական մայրցամաքի խաղաղության եւ անվտանգության հիմնական սպառնալիքը մնալ: Ցավով պետք է նշեմ, որ ԱԳ նախարարների անցած հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրական առաջընթացներ չեն եղել»: Այնուհետեւ Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն անտեսելու եւ խաղաղության համաձայնագիրը պատրաստելու վերաբերյալ բանակցություններ չսկսելու մեջ: Սակայն անդրադառնալով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այն լավ խթան կլինի խաղաղ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար:

Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ բողոքել է կարգավորման գործընթացի անարդյունավետությունից, ըստ էության` դժգոհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից, սակայն նորից շեշտել է Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկների մասին: «Հայաստանի ղեկավարությունը զբաղված է միայն բանակցություններ վարելու պատրանք ստեղծելով։ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զորքերի դուրսբերումն իր ներդրումը կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ Լավրովի առաջարկները կարող են լավ խթան դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում»,- նշել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ պաշտոնական Բաքուն շարունակ պնդում է, թե Ռուսաստանը առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Բոլորը համաձայն են, որ ամենամեծ խնդիրը ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակումն է: Անվտանգության առումով դա խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»,- նոյեմբերի վերջին Բաքվում ասել էր Մամեդյարովը: «Միջնորդների վերջին այցելության ժամանակ առաջարկ է արվել կազմակերպելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում: Մենք համաձայնել ենք, որ հանդիպումը տեղի ունենա մինչեւ այս տարեվերջ:

Համանախագահները աշխատում են այս հարցի վրա»,- ասել է նա: Մամեդյարովը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին այդ օրն անդրադարձել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում՝ նշելով, որ իրենց հանդիպմանը նա Չավուշօղլուին է ներկայացրել բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը: Թուրքիայի նոր ձեւավորված կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակված Չավուշօղլուն առաջին արտերկրյա այցը կատարել էր Ադրբեջան: Ալիեւը Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել էր ռուս-թուրքական լարված հարաբերություններին: Նա ասել է, թե Ադրբեջանը պատմականորեն սերտ կապեր ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ եւ ափսոսում ու անհանգստացած է նրանց միջեւ ստեղծված լարված հարաբերությունների կապակցությամբ, վստահեցրել էր, թե Ադրբեջանը պատրաստ է ջանքեր գործադրել այդ լարվածությունը նվազեցնելու եւ վերացնելու համար: Թուրքիայի ԱԳ նախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը քննարկվել էր նաեւ Ղարաբաղյան խնդիրը:
Ադրբեջանի իշխանություններին այս օրերին «ձայնակցում» են Թուրքիայի իշխանությունները, սակայն խոսքն ուղղելով Մոսկվային: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, խոսել է Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններից` նշելով, որ դրանք ծանրակշիռ ներդրում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության ներդրման հարցում. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրներին, այլեւ Կովկասին, Բալկաններին, Մերձավոր Արեւելքին, Սեւ եւ Կասպից ծովերի տարածաշրջաններին։ Ռուս-թուրքական լավ հարաբերություններն էական ներդրում ունեն ողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»,- ասել է Դավութօղլուն։
Պաշտոնական Անկարան, այսպիսով` Մոսկվային «հիշեցրել» է, որ ԼՂ խնդրում ստատուս քվոն պահպանվում է նաեւ Թուրքիայի եւ ՌԴ-ի «ջանքերի» շնորհիվ: Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան վերջին տարիների ջերմ հարաբերությունները թե ինչ անդրադարձ ունեցան ղարաբաղյան հակամարտության վրա` ակնհայտ է. Բաքուն դարձավ ավելի սանձարձակ ու անկանխատեսելի: Թե ինչ է սպառնում ԼՂ կարգավորման գործընթացին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման դեպքում՝ կարելի է միայն պատկերացնել: Հավանաբար, հենց այս ենթատեքստով է, ըստ էության, խոսել Դավութօղլուն Բաքվից:

Այնուհետեւ պաշտոնական Անկարան Երեւանին կոչ է անում վերադարձնել ադրբեջանական հողերը եւ միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին։ Թուրքիայի վարչապետը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել է հետեւյալը. «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին՝ այնքան ժամանակ, մինչեւ չազատագրվեն ադրբեջանական հողերը։ Ուզում եմ դիմել Հայաստանին՝ եթե խաղաղ ճանապարհով վերադարձնեք ձեզ չպատկանող տարածքները, ապա կկարողանաք միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին։ Մենք ոչ մեկի նկատմամբ ոխ չենք պահում, բայց Ադրբեջանի ամեն մի թիզ հողը մեզ համար թանկ է, եւ այդ հողերը անպայման պետք է ազատագրվեն»,- ասել է Դավութօղլուն։ Թուրքիայի վարչապետն իր առաջին արտերկրյա պաշտոնական այցը, ավանդույթի համաձայն, կատարել է Ադրբեջան։ Կարեւորելով այդ երկրի հետ հարաբերությունները՝ Թուրքիայի վարչապետը հնչեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խոսքերը՝ «մենք մեկ մոր երկու զավակներ ենք»։ «Ադրբեջան ասելիս՝ ես միշտ ավելացնում եմ՝ Ադրբեջան, դու մեր հոգին ես»,- ասել է Դավութօղլուն Ալիեւի հետ հանդիպմանը։

Ապա Դավութօղլուն իր ծավալուն ելույթում եւս մեկ անգամ Կրեմլին կոչ է արել մի կողմ դնել զգացմունքային հայտարարություններն ու կոշտ քայլերը եւ սեղանի շուրջ քննարկել խնդիրները։ «Եվս մեկ անգամ ուզում եմ Ռուսաստանին, պարոն Պուտինին դիմել: Եկե՛ք մեղմենք հայտարարությունների տոնը եւ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ հանդիպենք եւ քննարկենք խնդիրները։ Մենք եւս մեկ անգամ պատրաստ ենք պարզաբանել տեղի ունեցած միջադեպը, թեեւ նախկինում արդեն խոսել ենք այդ մասին»։ Դավութօղլուն Կրեմլին հիշեցրել է, որ անցյալ տարի, ի տարբերություն տասնյակ երկրների, Թուրքիան չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթացին, մինչդեռ Մոսկվան Թուրքիայի դեմ այսօր պատժամիջոցներ է սահմանում՝ չհասկանալով, որ պատժամիջոցները հավասարապես վնասելու են նաեւ Ռուսաստանին։
Առանձնացնելով Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի նախագիծը, Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ կողմերը ջանում են նախագիծը շահագործման հանձնել ոչ թե 2018-ին, ինչպես որ նախատեսված էր, այլ ավելի շուտ։ Հայաստանը շրջանցող այս էներգետիկ ծրագրով նախատեսվում է Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով ադրբեջանական գազը հասցնել Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով Եվրամիության անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ի դեպ, այս օրերին ուշագրավ էր նաեւ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հայտարարությունը, որը Թբիլիսիում անցկացվող Էներգետիկ խարտիայի ֆորումի ժամանակ հանդես էր եկել միասնական տարածաշրջանային էներգետիկ ցանցի ստեղծման օգտին: «Վրաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ֆլագման: Մեր գլխավոր նպատակն այն է, որ էներգետիկ փոխանակության հաշվին ամրապնդենք տարածաշրջանային համագործակցությունը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանն ու ներգրավելով խոշոր ներդրումներ ու զարգացնելով տրանսպորտային միջանցքը»,- հայտարարել էր Կալաձեն: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասի նոր երկրներն «իրենց վրա են զգացել տնտեսական ու սոցիալական ոլորտների փլուզումներ, քաղաքական հակամարտություններ, քաղաքացիական հակասություններ, շրջափակում», ինչը բացասաբար է ազդել նաեւ էներգետիկայի վրա: Կախա Կալաձեն նկատել է, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Կասպյան էներգակիրների ու ողջ տարածաշրջանի վրա՝ դրանք Եվրոպա հասցնելու նպատակով: Նրա խոսքով՝ կարեւորագույն նախագծերից է Վրաստանի ու Թուրքիայի միջեւ 700 մեգավատտ ծավալով էլեկտրաէներգիայի փոխանակումն իրականացնելը: «Տրամաբանական առաջարկություն կդառնա Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասնական էներգետիկ ցանցի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա ստեղծել միասնական տարածաշրջանային էներգետիկ շուկա: Նկատի ունենալով առկա ու ապագա նախագծերը՝ հնարավոր է դառնում միավորել Հարավային Կովկասի երկրները, ու Վրաստանը կլինի էներգետիկ կամուրջ, որը կապահովի էլեկտրաէներգիայի փոխանակությունն ու առեւտուրը»,- նշել էր Վրաստանի փոխվարչապետը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031