ՀՀ Կենտրոնական բանկը կարծես թե ինքնիշխան մի կառույց լինի եւ չնայած երբեմն-երբեմն որոշակի ծախսերի գծով հաշվետվություններ ներկայացնում է Ազգային ժողովում, սակայն ամենակարեւոր ծախսերը հանրությանը հասանելի չեն, հետեւաբար՝ անվերահսկելի: «Առավոտը» փորձեց պարզել, թե Կենտրոնական բանկն (ԿԲ) ինչ գնումներ է կատարում, ինչեր է գնում, ինչ ընթացակարգով եւ որքան գումար է ծախսում պետգնումների մրցույթներով ապրանքներ ձեռք բերելիս, բայց ապարդյուն: Եթե մեր երկրի պետական բոլոր կառույցների գնման պայմանագրերն ու ծախսած գնումները հրապարակվում են, ապա ԿԲ-ն երբեւէ որեւէ գնման մասին տեղեկություն չի հրապարակել: «Առավոտը» ԿԲ-ին գրավոր հարցում էր ուղարկել եւ խնդրել տեղեկացնել, թե ինչու ԿԲ-ի գնումների մասին չկան հրապարակային հաշվետվություններ, իսկ եթե կան, ապա խնդրել էինք տեղեկացնել՝ որտե՞ղ:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԲ-ն վստահեցրել է. «Ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ պետության համար պարտավորություններ առաջացնող կամ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների հաշվետվությունները պատվիրատուների կողմից ներկայացվում են լիազոր մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, որն էլ հրապարակում է պետական գնումների հաշվետվությունը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի կարգավորումների ներքո ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ Կենտրոնական բանկի պարագայում լիազոր մարմին չի հանդիսանում, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գնումները չեն հանդիսանում պետության համար պարտավորություն համարվող կամ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող»:
Այսինքն՝ ԿԲ-ի կարիքների համար ապրանքներ ձեռք բերելը պետության համար պարտավորություն չեն, պետբյուջեից չեն: Հասկանալի է, որ ԿԲ նախագահն իր գրպանից չի ծախսեր անում այդ կառույցի համար: ԿԲ-ն, այսպես ասած, փող ստեղծող կառույց է, ունի եկամուտ, որը ձեւավորվում է որոշ գործարքներից: Այդ գործարքներից են օրինակ՝ առեւտրային բանկերին վարկեր տրամադրելը, պարտատոմսեր ձեռք բերելն ու դրանք թանկ վաճառելը եւ այլն: Բայց այն փողը, որը ԿԲ-ն գործի մեջ է դնում ու շահույթ ստանում, նաեւ պետական փողերով են, քանի որ ԿԲ-ն ստեղծել է պետությունը եւ ամեն տարի պետբյուջեից գումարներ է փոխանցում: Սա նշանակում է՝ ԿԲ-ն պետք է հանրությանը թափանցիկ ցույց տա պետգնումները, ասենք՝ որքան է ծախսել զուգարանի թղթի, գրիչների համար եւ այլն: Այս թափանցիկությունը հանրությանը հարկավոր է, որպեսզի վստահ լինի՝ ԿԲ-ն ֆիննախի պես 40 հազար դրամանոց օճառամաններ չի գնում եւ անարդյունավետ ծախսեր չի անում:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է՝ Կենտրոնական բանկի գնումներն անվերահսկելի են, իսկ եթե չկա վերահսկողություն եւ թափանցիկություն՝ կոռուպցիոն ռիսկը մեծ է:
Որպես օրինակ Մանուկյանը նշում է ԿԲ-ի Դիլիջանում գտնվող ուսումնական կենտրոնը, որի վերանորոգման համար, ըստ տնտեսագետի՝ մոտ 150 միլիոն դոլար է ծախսվել: Այս կենտրոնի վերանորոգման համար կատարված գնումներն այնքան փակ են, որ մարդու մտքով ինչ ասես՝ կանցնի: Մանուկյանն ասում է, որ նույնիսկ հնարավոր չէ վերահսկել, թե ԿԲ-ն ումից է գնումներ կատարել, ում է պատվիրել. «Այսինքն՝ այս մասով որեւէ հաշվետվողականություն չկա, գնային պայմանագրերը հասանելի չեն հանրությանը: Կոռուպցիոն մեծ ռիսկ կա, մի բանը եթե թափանցիկ չէ, եւ եթե հաշվի առնենք մեր երկրում, այդ թվում գնումների համակարգում կոռումպացվածության բարձր մակարդակը, եւ եթե այդ ծախսերի մասին էլ տեղեկատվություն չեն տալիս, եւ մենք գիտենք, որ համակարգային կոռուպցիա կա, հասկանալի է, որ սա էլ մեծացնում է կոռուպցիոն համաձայնությունների եւ բյուջետային ծախսերի անարդյունավետության հավանականությունը»:
Կարդացեք նաև
Արտակ Մանուկյանը նշում է, որ ԿԲ-ն եթե իր գնումները կատարում է իր կողմից «գեներացված» փողերով, մեծ հաշվով, դրանք՝ իր ծախսերը, պետք է թափանցիկ ցույց տա. «Որովհետեւ մի ծախսային ուղղությունը ազդում է մյուս ծախսային ուղղությունների վարքագծերի վրա: Օրինակ՝ պետությունը կարող է իրենց աշխատավարձերի բոնուս չտա, կամ, ասենք, իրենք կարող են այդ գնումներից տնտեսում անել, արդյունավետ ծախսել եւ ուղղել աշխատավարձին կամ պետբյուջե վերադարձնեն ավելի մեծ շահույթի տեսքով: Ի վերջո, մենք պետք է տեսնենք, թե որքանով են արդյունավետ ԿԲ-ի ծախսերը, եւ արդյոք դա ազդո՞ւմ է իրենց շահույթից պետբյուջե մուծվող գումարի վրա: Այսինքն՝ գուցե այդ ծախսերի արդյունավետության դեպքում պետբյուջե վճարվելիք գումարն ավելին լինի»:
Ինչ վերաբերում է «Գնումների մասին» օրենքի ԿԲ-ի պարզաբանմանը, ըստ որի՝ օրենքն իրենց վրա չի տարածվում, ապա Մանուկյանը նկատում է՝ «Գործառնական ծախսերի բուն գործունեության ծախսերի մասով օրենքն, այո, իրենց վրա չի տարածվում. մնացած դեպքերում տարածվում է: Բայց որպեսզի հասկանանք՝ որն է գործառնականը, որը՝ ոչ, մենք պետք է տեսնենք այդ ծախսերի գծով հաշվետվությունները. օրինակ՝ պետբյուջեի հաշվին գնումներ արե՞լ են, թե՞ ոչ: ԿԲ-ն չի կարեւորում թափանցիկությունը, ինչը ԿԲ-ի դեպքում առավել տարօրինակ է, քանի որ բանկային համակարգը այն զգայուն համակարգն է, որը կարող է ազդել ողջ տնտեսության վրա: Այդ թափանցիկությունը շատ կարեւոր է ֆինանսաբանկային ինստիտուտների պարագայում»:
Մանուկյանն ասում է, որ փորձ է արվել ուսումնասիրել եւ հանրային դարձնել ԿԲ-ի գնումների հաշվետվությունները, սակայն ԿԲ-ից պատասխանել են, որ դա առեւտրային գաղտնիք է. «Ինչը, մեր կարծիքով, այդպես չէ: Հասկանալի է, որ կան այնպիսի գնումներ, օրինակ՝ պաշտպանության նախարարությունը կարող է գնում անել եւ օրենքով գաղտնի պահել: Այն դեպքում, երբ գաղտնիք չէ, ՊՆ-ն պայմանագրերը հրապարակում է: Փաստորեն ստացվում է՝ ԿԲ-ն ավելի գաղտնի կառույց է, քան ՊՆ-ն»:
«Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է գնումների բողոքարկման խորհրդի կազմը, որում պարտադիր պետք է ԿԲ-ի ներկայացուցիչն էլ լինի: Սակայն օրենքի ընդունումից՝ 2011 թվից, ինչպես վստահեցնում է Մանուկյանը, բողոքարկման խորհրդի անդամների կազմում ԿԲ ներկայացուցիչ երբեւէ չի եղել. «Մենք մեր հաշվետվություններում այս խնդիրը ներկայացնում ենք, ֆիննախին ենք ասել, բայց անտարբերություն է, կամ էլ պարզապես չեն կարողանում ԿԲ-ին օրենքի ուժով պարտադրել ներկա գտնվել խորհրդում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. «Առավոտը» ԿԲ-ին հարցում էր ուղարկել եւ խնդրել տրամադրել գործուղումների, ծառայողական մեքենաների սպասարկման, պարգեւատրումների ծախսերը: Այս մասին ԿԲ-ի տրամադրած պատասխանին կանդրադառնանք առաջիկայում:
«Առավոտ» օրաթերթ
09.12..2015