Վահե Դավթյանը 2009 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում զբաղեցրել է մամուլի ծառայության պետի պաշտոնը: 2010 թվականին եղել է հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, 2011 թվականին՝ կառավարման եւ հաղորդակցման ծառայության պետի տեղակալ, իսկ 2013 թվականին՝ գործերի կառավարման ծառայության պետի տեղակալ եւ գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Լ.Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար, դասախոս Վահե Դավթյանի հայցի դեմ բերված բողոքի քննությունը:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 3-ի վճիռը: Այդ վճռով դատարանը բավարարել էր «Երեխայի ծննդյան կապակցությամբ չվճարված օժանդակության գումարը» բռնագանձելու պահանջը: Վահե Դավթյանը դատարանում հայտնել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղում» մամուլի պատասխանատու աշխատելիս 09.12.2013 թվականին ծնվել է որդին: Իսկ համաձայն «Հայաստանի երկաթուղայինների եւ կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների» ճյուղային հանրապետական միության եւ գործատուի միջեւ կնքված 2012-2014թթ. կոլեկտիվ պայմանագրի 3.4.4. կետի, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է նյութական օգնություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Երեխայի ծննդյան պահի դրությամբ գործող «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է այդ ժամանակ 45. 000 դրամ։ Ուստի «Հարավկովկասյան երկաթուղին» պետք է Վահե Դավթյանին վճարեր 225.000 ՀՀ դրամ գումար նյութական օգնություն։
Վահե Դավթյանն առաջին ատյանում պահանջել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից բռնագանձել օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը, իր վերաբերյալ կայացրած հրամաններն անվավեր ճանաչել, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձը: Դատարանը մերժել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի 24.10.2014 թվականի թիվ 153/7 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը, ինչպես նաեւ ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 30.10.2014 թվականի թիվ 306K հրամանը անվավեր ճանաչելու պահանջը, ինչպես նաեւ նրան գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոնում վերականգնելու պահանջը, հետեւաբար՝ չվճարելով հարկադիր պարապուրդի գումարը: Վահե Դավթյանը 2008 թվականից մինչեւ 2014 թվականի ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատելիս մեկնել է բազմաթիվ ծառայողական գործուղումների։ Եղել Է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում, Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում, Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաքում, մի քանի անգամ եղել է Թբիլիսի քաղաքում, մեկ անգամ՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում, իսկ մնացած անգամները` Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում։ Ըստ նրա՝ Մոսկվա գործուղվելու համար բոլոր ժամանակահատվածներում տրվել է ֆիքսված 24. 000 ՀՀ դրամ գումար օրապահիկ, իսկ մնացած քաղաքների համար՝ 12. 000 ՀՀ դրամ օրապահիկ։ Սինչդեռ «ՀՀ կառավարության 29.12. 2005 թվականի թիվ 2335-Ն որոշման համաձայն՝ տարբեր ժամանակահատվածներում սահմանված օրապահիկի չափերն անհամեմատ եղել են ավելի բարձր, քան գործատուի կողմից վճարված գումարները»։ Օրապահիկի հետ կապված տարբերությունը, այսինքն՝ չվճարված օրապահիկի պարտքը կազմել է 2. 656. 000 ՀՀ դրամ։
Վերաքննիչ դատարանում պարտքի գումարը արձանագրվեց 1 մլն 716 000 ՀՀ դրամ:
Դատարանն արձանագրել էր, որ հիմնական աշխատանքի վայրից մինչեւ 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ անկախ հեռավորությունից՝ հիմնական աշխատանքի վայրից մեկնելու եւ նույն օրը մեկնելու, վերադառնալու դեպքում գործատուն հատուցում է գործուղման ճանապարհածախսը: Գործատուի կողմից հատուցման ենթակա չէ հրավիրող կողմի միջոցներից կամ «այլ աղբյուրներից» լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը:
Գործուղման ծախսերը տրվում է գործուղումից առնվազն մեկ օր առաջ, իսկ գործուղման մեկնածը վերադառնալիս, երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գործուղման վկայականը, կատարված ծախսերի փաստացի հաշվետվությունը, ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացնել գործատուին:
Ընկերությունը միջնորդել էր այս «դրվագով» հայցային վաղեմություն կիրառել, մերժել օրապահիկի գումարի բռնագանձման պահանջը:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Վ. Ի. Ռեբեցի նշանակումից հետո, Վ. Դավթյանի հետ հարաբերությունները սրվել էին, երբ Վ. Ի. Ռեբեցն իր աշխատասենյակում, «առանց որեւիցե» պատճառի, մամուլի քարտուղարին հասցրել է «անձնական վիրավորանքներ»։ Դրան հետեւել էր գործերի կառավարման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Հ. Առաքելյանի 07.08.2014 թվականի թիվ 39HD գրությունը, որով պահանջվել է ներկայացնել գրավոր բացատրություն՝ 06.08.2014 թվականին գլխավոր տնօրենի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի եւ դրանից հետո տնօրենի հրավերով չներկայանալու պատճառների մասին։ Վ. Դավթյանը ներկայացրել է գլխավոր տնօրենի աշխատասենյակում նրա ու իր միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հայտնել, որ չի ցանկանում Վ. Ի. Ռեբեցի արարքները բողոքարկել կամ ԶԼՄ-ների միջոցով հրապարակայնացնել, քանի որ ընկերությունում այլ աշխատակիցներ են աշխատում: Մեկ ամիս հետո հետեւել էր նկատողությունը, խիստ նկատողություն՝ կարգապահական վարույթը:
Վերաքննիչ դատարանը փաստել էր, որ ընկերությունը Վահե Դավթյանի հանդեպ կրում է հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետում, այլ վայրում աշխատանքային հանձնարարություն կատարելու համար ծախսերի համար տրվող փոխհատուցման վճարի պարտավորություն: Դատարանը թեթեւակի ակնարկել էր, որ մամուլի քարտուղարը պիտի իմանար իր իրավունքները, վերահաշվարկը ստանալու ժամանակ պահանջվող գումարը չի ստացել, իսկ մինչ այդ «Հարավկովկասյան երկաթուղին» էլ չի հայտարարել այն մասին, թե հայտարարվող գումարի հատուցումն էլ չի կատարելու:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12..2015