Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը «դրսում» լեփ-լեցուն դահլիճներ է ունեցել

Դեկտեմբեր 10,2015 13:00

Առաջիկայում էլ կձայնագրի
Սերժ Թանկյանի հեղինակած կինոերաժշտությունը

Ընթացիկ տարում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես եկավ Ֆինլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Լիբանանում: Օրերս էլ նվագախումբը վերադարձավ Լեհաստան եւ Գերմանիա կատարած շրջագայությունից:
«Առավոտի» հետ զրույցում ՀԱՖՆ-ի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշեց, որ իրենք հանդես են եկել Վարշավայի Filharmonia Narodovai Sala Koncertowa-ում եւ Լյուդվիգսհաֆեն քաղաքի BASF Feierabendhaus-ում, ապա մանրամասնեց. «Լեհ հանդիսատեսին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իբրեւ մենակատար ելույթ ունեցավ Անուշ Նիկողոսյանը, Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիոն», Չայկովսկու առաջին սիմֆոնիան, իսկ Գերմանիայում՝ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից Սյուիտը, Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան եւ Շոպենի Դաշնամուրի առաջին կոնցերտը: Իբրեւ մենակատար հրավիրել էինք ազգությամբ իտալացի՝ գերմանաբնակ դաշնակահար Սոֆյա Պաչինիին: Համերգները ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը»:

filarmonik_1

ՀԱՖՆ-ի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը (ձախից), տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Լեհաստանում ՀՀ հյուպատոս Տիգրան Վարդանյանը եւ Արման Պադարյանը:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, թե նվագախմբի ելույթներին անդրադարձել են հիշյալ երկրների ԶԼՄ-ները: Մեր դիտարկմանը, թե հայաստանցի ցանկացած կատարող կամ կոլեկտիվ արտասահմանյան համերգներից վերադառնալով մշտապես նշում է, որ դրանք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, պրոդյուսերը պատասխանեց. «Գերմանիայում նույն ծրագիրը ներկայացրել ենք երկու անգամ եւ երկու անգամ էլ 1200 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը իսկապես լեփ-լեցուն է եղել»:

filarmonik_2

ՀԱՖՆ-ն Գերմանիայում:

Հետաքրքրվեցինք մինչեւ տարեվերջ կայանալիք ֆիլհարմոնիկի համերգներից եւ Ամանորի տոներից հետո ե՞րբ կվերսկսվեն նվագախմբի ամենուրբաթյա համերգները: Մեր զրուցակիցն ասաց, որ դեկտեմբերի 18-ին իրենց հյուրն է գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը եւ Սինգապուրից դիրիժոր Ջեյմս Փ. Լիուն: Ինչ վերաբերում է 2016թ. նվագախմբի առաջին ելույթին, պարոն Պադարյանը հայտնեց, որ այն կկայանա փետրվարի 5-ին, նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Իռնանդես Սիլվան: Այդ երեկոյի ընթացքում, այլ երկերի թվում առաջին անգամ հայ հանդիսատեսը կունկնդրի Տյուբինի Կոնտրաբասի եւ նվագախմբի կոնցերտը՝ իսպանաբնակ մեր հայրենակից Զարեհ Քյուրքչյանի կատարմամբ:

filarmonik_4

ՀԱՖՆ-ն Լեհաստանում:

«Հունվարի 20-ից նվագախումբը կսկսի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության ձայնագրման աշխատանքները, որի հեղինակը աշխարհահռչակ ռոքեր Սերժ Թանկյանն է»,- տեղեկացրեց Արման Պադարյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Էդուարդ Թոփչյանը՝
Անուշ Նիկողոսյանի (ձախից)
եւ Սոֆյա Պաչինիի հետ:

«Առավոտ» օրաթերթ
09.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031