Երգիչ-երգահանի համոզմամբ՝
Հայաստանում կեղծարարությունը գագաթնակետին է հասել
Հեղինակ-կատարող Արտավազդ Բայաթյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որպես մշակույթի մարդ ու քաղաքացի՝ կարծիք հայտնեց, որ ստեղծված աժիոտաժը արհեստական էր: «Այդ աժիոտաժի վերջնական արդյունքն էլ պարզ էր, քանի որ մեզ մոտ կեղծարարությունը գագաթնակետին է հասել: Հերթական անգամ արվեց մի բան, որի ականատեսն ենք բոլորս: Ու չեմ էլ կարող ասել՝ իշխողների՞ն էր պետք, թե՞ ում…»,-ասում է արվեստագետը:
Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս է պատահում, որ որոշ քաղաքներում իրական պատկերն է ստացվում, օրինակ՝ Գյումրիում «Ոչ»-ը հաղթել է, Արտավազդ Բայաթյանը պատասխանեց. «Հայաստանում, ցավոք, քաղաքացիական ինքնագիտակցությունը շատ ցածր է, մարդկանց մի քանի դրամով կարող են կաշառել, եւ դա դարձել է ավանդույթ, գարշելի, նողկալի մի բան: Ստացվում է՝ մարդը, որ անընդհատ վատ է, նեղված է, պատրաստ է մի քանի դրամի համար ծախվել, ուղղակի զզվելի է: Այն մարդկանց, ում տալիս են այդ գումարը բաժանելու համար, գիտեն, որ այդքան էլ ձայն պետք է լինի, ու էական չէ՝ այդքան մարդ կա՞ հանրապետությունում, թե՝ չկա: Ու քանի որ իշխանավորներն էլ իրենց գործն արդեն արել են, վստահորեն ասում են՝ «Այո» է եղել եւ վերջ: Դե հիմա գնա ու հաստատիր, որ այդպես չէ: Ախր մարդիկ կային, որ կաշառվում էին, մարդիկ կային, որ փողը վերցնում էին՝ ձայներ էին բերում, մի մարդը տասն անգամ շորերը փոխում, գալիս էր սրա-նրա տեղը քվեարկում էր, տեղեր էլ կային, որ էդ տարածքում մարդ էլ չէր երեւում, բայց բանից պարզվում է՝ քվեարկության մասնակցածների ամենաբարձր ցուցանիշն է եղել, չնայած միջազգային դիտորդները հակառակն են փաստում: Իրականում երեւի բնակչության կեսն էլ չի քվեարկել, բայց իշխանության տվյալներով ստացվում է, որ ամբողջ հայությունն է մասնակցել, հիմա այդ կեղծիքն ու սուտը մեզ ո՞ւր են տանելու: Պարզ է, որ ոչ մի շարժ էլ չի լինի այս երկրում»:
Երգահանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին հերթին քաղաքացու դեֆիցիտ ունենք. «Քաղաքացիական բարձր ինքնագիտակցությունը մեզանում չի ձեւավորվել, քաղաքացին որպես կերպար, որը գիտի իր իրավունքները, որը չի վաճառվում, որն ուզում է իր կյանքը փոխել դեպի լավը, չկա: Ավելի շատ այնպիսի մարդիկ են, որ մանր-մունր վաճառվում են, էական չէ՝ շարքային քաղաքացի է, թե պաշտոնյա: Վերջիններիս էլ թվում է, թե կեղծարարություն, որ արեցին, ուրեմն ամեն ինչ լավ է, թվացյալն իրականության տեղ են անցկացնում: Ամեն ինչ ինչքա՞ն կարելի է շուռումուռ տալ, ախր դրանից ոչ մեկն էլ չի շահում»:
Մեր զրուցակիցը փաստում է, որ հայ երիտասարդության մեջ ունենք փայլուն մի մաս, նաեւ լիահույս է. «Ժամանակը կգա, որ կծնվեն մարդիկ, որոնք ստրուկ չեն: Այդ դեպքում շատ բան կփոխվի…»:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12..2015