Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական ղեկավարների «կաղացող» ինստիտուտը

Դեկտեմբեր 10,2015 12:00

Ըստ վիճակագրության, վերջին երկու տարում ՀՀ ԲՈՀ-ի կողմից կտրուկ մեծացել է կրկնական պաշտպանության ուղարկվող՝ եւ անգամ բեկանվող ատենախոսությունների քանակը: Սակայն զարմանալին այն է, որ նման դեպքերում ատենախոսների գիտական ղեկավարները գրեթե ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Այնինչ, այս ձախողումների պատասխանատուները հիմնականում ոչ թե ասպիրանտները՝ այլ նրանց գիտական ղեկավարներն են, որոնք թերանում են իրենց պարտականությունների մեջ, եւ ոչ միայն այն պատճառով, որ ղեկավարման համար առանձնապես չեն էլ վարձատրվում: Այստեղ խնդիրն առավել խորքային է, եւ փոխկապակցված է ղեկավարման գործող անարդյունավետ ինստիտուտի հետ, որը վաղուց արդեն մեր հանրապետությունում հնացել է եւ լուրջ բարեփոխումների կարիք ունի:

Ավանդաբար, ատենախոսության ղեկավարները ՀՀ-ում ընտրվում են թեմայի հաստատումից հետո, կամ դրան զուգընթաց, այսինքն՝ ասպիրանտի կամ ամբիոնի նախաձեռնությամբ՝ «ներքեւից – վերեւ» սկզբունքով: Արդյունքում, գիտական ղեկավարը հաճախ այնքան էլ խիստ առնչություն չի ունենում հետազոտության հետ եւ մակերեսային գործառույթներ է իրականացնում ատենախոսությունը պատրաստելիս, մանավանդ գիտակցելով, որ ձախողման պարագայում միեւնույն է՝ առանձնապես պատասխանատվություն չի կրելու:

Իսկ միջազգային փորձը ճիշտ հակառակն է վկայում: Այստեղ ատենախոսության ղեկավարման պատասխանատվության ինստիտուտ է գործում՝ գիտահետազոտական ծրագրի պատվիրատուի ֆինանսավորում-գիտական ծրագրի ղեկավար-ասպիրանտական թիմի ձեւավորում շղթայով: Նախ, համալսարանի կամ պատվիրատուի կողմից թեմայի գիտական ղեկավար որոշվում է «վերեւից -ներքեւ» սկզբունքով: Իսկ այնուհետեւ, ղեկավարն է ասպիրանտ ընտրում, եւ ավելին, վերջինիս էլ դեռ աշխատավարձ է վճարում կատարվող հետազոտության դիմաց: Ստացվում է, որ ասպիրանտի համար գիտական ղեկավարը գործատու է հանդես գալիս եւ առաջին հերթին մտահոգվում է ոչ թե ատենախոսության շարադրանքով, այլ կատարվող գիտահետազոտական աշխատանքների որակով, որի գծով նախօրոք պատվեր եւ ֆինանսավորում էր ստացել, եւ ուրեմն, առաջին պատասխանատուն է ձախողման պարագայում:

Ահա թե ինչու են արեւմտաեվրոպական երկրներում պաշտպանվող ատենախոսությունները հարյուր տոկոսանոց դրական ելքեր ունենում, քանի որ ձեւավորվող գիտական նորույթների իրատեսությունը խիստ գնահատման է ենթարկվում առաջին հերթին ասպիրանտի կամ հետազոտողների խմբի գիտական ղեկավարի կողմից, որն էլ ֆինանսավորող պատվիրատուին է հաշվետու իրականացվող գիտական ծրագրի վերջնարդյունքների գծով: Եվ ստացվում է այնպես, որ եթե չկա գիտական ղեկավարի կողմից կնքված գիտահետազոտական ծրագրերի իրականացման պատվերի պայմանագիր՝ համապատասխան ֆինանսավորմամբ ու հստակ վերջնարդյունքներով, ուրեմն չկա նաեւ դոկտորանտուրա եւ հետեւաբար՝ դոկտորանտ:

Ավելին, միջազգային փորձը վկայում է, որ դոկտորանտն աշխատում է ոչ թե մեկ, այլ մի քանի համաղեկավարներով, որոնցից մեկը գիտահետազոտական կոնկրետ ծրագրի ղեկավարն է, իսկ մյուսները՝ նրա ասիստենտներն են: Համաղեկավարումը օգնում է դոկտորանտին իր հետազոտության ընթացքում լուծելու թե գիտական եւ թե տեխնիկական հիմնախնդիրներ: Դոկտորանտուրայում ղեկավարության դերին այնքան մեծ նշանակություն է հատկացվում, որ անգամ համալսարանում սովորելու ընթացքում դոկտորանտին ուսուցանվում են ատենախոսությունների գիտական ղեկավարման հմտություններ, որոնք վերջինիս կողմից կիրառելի են դառնում տեսանելի ապագայում: Ուրեմն ժամանակն է վերանայելու մեր իրականությունում գործող գիտական ղեկավարների ինստիտուտը, որն իմ կարծիքով՝ կաղում է եւ չի նպաստում որակյալ ատենախոսությունների ձեւավորմանը: Առաջին հերթին պետք է ձերբազատվել այն կարծրատիպերից, համաձայն որոնց՝ գիտական ղեկավարը պետք է ունենա դոկտորի աստիճան, գիտամանկավարժական աշխատանքի երկարատեւ փորձ, կամ էլ լինի հանրաճանաչ գիտնական:

Անշուշտ, ասպիրանտ ղեկավարելիս թվարկած գործոնները կարեւոր են, բայց ոչ առաջնային: Ներկայումս առավելապես կարեւորվում է գիտական ղեկավարի առնչությունը ասպիրանտի գիտահետազոտական աշխատանքներին, երբ ատենախոսության թեման արդիական լինելով, միաժամանակ պահանջարկ եւ հասցեատեր ունի գիտության շուկայում: Եթե ղեկավարն առաջին հերթին ասպիրանտին կարեւորի որպես իր պատասխանատվությամբ ստանձնած եւ ղեկավարվող գիտական ծրագրային աշխատանքների թիմակից, եւ ոչ թե ընդամենը «ատենախոսություն գրող», ապա կձեւավորվի որակյալ հետազոտական վերջնարդյունք եւ հետեւաբար՝ նաեւ արժեքավոր եւ պահանջված ատենախոսություն:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
09.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031