Իրանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սպահանում, որի Նոր Ջուղա թաղամասում բնակվում են մեծ թվով հայեր, դեկտեմբերի 7-ին հենց այդ թաղամասի «Արարատ» միության սրահում տեղի ունեցավ գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորայի՝ Արեւիկ Թանաշեանի մենահամերգը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհու պրոդյուսերը` լիբանանահայ Վիգեն Թանաշեանը, որը նրա ամուսինն է, այն նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, կրում էր «Հիշում եւ պահանջում եմ» խորագիրը եւ նաեւ ոգեկոչումն էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի:
«Մենահամերգը տեղի ունեցավ Սպահանի Հայոց թեմի Քրիստոնեական դաստիարակության խորհրդի նախաձեռնությամբ եւ Սպահանի Հայոց թեմի Թեմակալ Առաջնորդ Բաբկեն Արքեպիսկոպոս Չարեանի հովանավորությամբ: Մենահամերգի առաջին բաժնում հնչեցին հայկական եւ եվրոպական հոգեւոր ստեղծագործություններ, իսկ երկրորդ բաժնում հայ եւ եվրոպական դասական ստեղծագործություններ: Ասեմ, որ համերգը ունկնդրելու էին եկել ոչ միայն Սրբազանը, այլ ողջ հոգեւորական դասը՝ պատկան մարմիններ, ինչպես նաեւ Նոր Ջուղայի հայ համայնքը: Թե ինչ արձագանք ստացավ, ոչ թե պատմելու է, այլ տեսնելու, քանի որ ընդունելությունը շատ ջերմ էր, մթնոլորտը հարազատ, իսկ համերգը ընդունված եւ ամենակարեւորը լսելի էր յուրաքանչյուր հանդիսատեսի կողմից՝ նույնիսկ արցունքներով, որոնց պատճառը դարձան Կանաչյանի «Օրորը», Ա. Հարությունյանի «Դլէ յամանը» Կոմիտասի «Կռունկը», Պերգոլեզիի «Stabat Mater» եւ այլն… Հոգեւոր-դասական երգերի երեկոյի կազմակերպումը Սպահանի հայոց թեմի Քրիստոնեական դաստիարակության խորհրդի կողմից ամենամյա սպասվող ավանդույթ է դարձել: Բազմիցս կրկնելու գնով, բայց եւ հարատեւ կրկնելու մտադրությամբ դեկտեմբերի 7-ին եւս Հայոց Ցեղասպանության ոգեկոչումն եմ կատարել»,-ասաց Վիգեն Թանաշեանը:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Վիգեն Թանաշեանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ