Կառավարությունը որոշում է Հայաստանի բարձրարժեք քարանձավներն օգտագործել զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում է ընդգրկված «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով, արդյունքում ոչ միայն չի օգտագործվում դրանց ներուժը հայկական զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման եւ մրցունակության բարձրացման գործընթացում, այլեւ վտանգված է նաեւ դրանց պահպանությունը:
«Մինչդեռ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները հանդիսանում են կարեւորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ, եւ դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը եւ մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը»,-գրված է նախագծում:
Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսվում է «Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով շահագործելու համար ներդրողի մրցույթ հայտարարել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Մագելանի քարանձավը վարձակալության տալու մրցույթն անվավեր է ճանաչվել՝ մրցույթին մասնակցած երկու ընկերությունների հայտերը մրցույթի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ