Կառավարությունը մերժում է Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին: Պատգամավորներն առաջարկել էին օրենքով սահմանված եւ հաշվարկված կենսաթոշակների չափը 4 զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերի կենսաթոշակներն ավելացնել 20%-ով, 5 զավակներ ունեցող մայրերին 40%-ով, իսկ 6 եւ ավելի զավակներ ունեցողներին` 60%-ով: Պատգամավորները բազմազավակ մայրերի կենսաթոշակների ավելացման անհրաժեշտությունը հիմնավորել են, որ այս ֆինանսական աջակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա ծնելիության աճին:
Կառավարությունը, սակայն, համակարծիք չէ պատգամավորների հետ: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված այս օրենսդրական նախաձեռնության մերժման հիմնավորման մեջ գրված է. «Ամենատարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրամական վճարներն որպես գործոն ծնելիությունը խթանող առաջնային դիրքերում չեն: Ըստ այդմ, լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի օրենքի նախագծի ընդունման նպատակը եւ այդ նպատակի առաջադրվող լուծումը: Մեր կարծիքով, 30-40 տարի հետո կենսաթոշակին տրվող հավելման ակնկալիքը չի կարող դիտարկվել որպես ծնելիությունը խթանող ազդակ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ