Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն մրցանակներ՝ կոռուպցիայի դեմ պայքարողներին

Դեկտեմբեր 09,2015 21:00

Այսօր հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» եւ քաղաքացիական հասարակություն կազմակերպությունների (ՔՀԿ)  հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ  եւ ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ մի քանի անվանակարգերով:

«Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Հայկանուշ Թութունջյանին: Այս տարեց կինը պայքարել է իր խախտված իրավունքների պաշտպանության համար: «Տարվա ԶԼՄ»-ն այս տարի «Սիվիլնեթ»-ն է՝ «Քո գրպանից» հաղորդաշարում  պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար: «Տարվա լրագրող» անվանակարգում հակակոռուպցիոն մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝  բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար:

12309530_934500503270546_5436014523920481458_o 12370720_934502049937058_5183569385694491126_o

«Տարվա երիտասարդ» մրցանակը տվեց Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր:

«Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը՝ մայրական իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ ցուցաբերելու համար:

Հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասաց, որ այս օրը նշելու համար հավաքվում են այն անձինք, որոնց համար շատ կարեւոր են հակակոռուպցիոն արժեքները, ազնվությունը, բարեխղճությունը»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, որը եւս ներկա էր միջոցառմանն, ասաց. «ԵԱՀԿ գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: Մենք նաեւ աջակցում ենք ՀԿ-ների ակտիվ մասնակցությանը բարեփոխումների մոնիթորինգի անցկացման գործում: Գրասենյակը նաեւ մասնակցում է կոռուպցիոն խնդիրների մասին իրազեկման բարձրացման տարբեր միջոցառումներին»:

Միջոցառման մասնակիցներից՝  արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ վստահեցրեց, որ նախարարության համար ամենակարեւոր խնդիրը եւ նպատակը, որ դրել էին այս տարի, հասարակության, բիզնեսի մասնակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում. «Այս պայքարը ոչ միայն պետական մարմինների, այլ նաեւ ամբողջ հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է»:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքերով էլ՝ «Կոռուպցիայի հիմնախնդիրների, դրա դեմ պայքարի ձեւերի, եղանակների մասին շատ է խոսվել: Մի կարեւոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. բազմիցս շեշտել ենք, որ այս պայքարը հնարավոր է միայն հստակ ձեւավորված քաղաքական կամքի պայմաններում, ես հատուկ ուզում եմ այս մրցանակի կոնտեքստում ասել, որ այս կամքը չի վերաբերում բացառապես պետությանը. բոլոր այն կառույցները, ինստիտուտները, ովքեր պետք է ներգրավված լինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ թե՛ պետությունը, լրատվամիջոցները, թե՛ անհատ քաղաքացիները, պետք է բոլորը կամքի հստակ արտահայտություն ունենան, որ այդ բոլոր քայլերն ու նպատակները կարողանան արդյունավետ կենսագործվել»:

Լուսանկարները՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031