Դեկտեմբերի 9-ին «Միրզոյան» գրադարանում կայացավ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) կողմից՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց առաջնորդանիստ Թբիլիսիի սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագրի շրջանակում հրատարակված 3 գիրք-ալբոմների շնորհանդեսը: Դրանք են «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա.քնարերգություն», «Քարթլիի թագուհի Շուշանիկը»:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց IDEA հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Էլեոնորա Մալխասյանը, գրքերն ի սկզբանե տպագրվել էին եկեղեցու վերակառուցման ծրագրի դոնորներին նվիրելու համար, սակայն որոշ քանակություն կնվիրվի Երեւանի եւ մարզերի գրադարաններին: Գրքերը կարելի է գտնել նաեւ գրախանութներում:
«Surb Gevorg Cathedral. որմնանկարներում» ներառված են Սուրբ Գեւորգ տաճարի բացառիկ որմնանկարները, «Սայաթ Նովա.քնարերգություն» գիրք-ալբոմը փորձ է ստանալ հին Թիֆլիսի մթնոլորտը, ինչ վերաբերում է«Քարթլիի թագուհի Շուշանիկին», այն պատմում է Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի վարքաբանության մասին: Երրորդ գրքում իրենց պատկերացրած Շուշանիկին են նկարել հայաստանցի, արցախցի եւ վրացի փոքրիկ նկարիչները:
Կարդացեք նաև
IDEA հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց ոչ միայն հայ-վրացական ընդհանուր մշակութային արժեքները խորհրդանշող երեք գիրք-ալբոմները, այլեւ Կովկասի փոքր Փարիզ որակված բազմազգ Թիֆլիսի ու նրա կոլորիտն ամբողջացնող սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու, Վրաստանի պատվարժան հայ քաղաքացիների մասին պատմող ֆիլմը:
Հիշեցնենք, որ 13-րդ դարի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագրի դոնորների եւ հավատացյալների մասնակցությամբ կայացել է այս տարվա հոկտեմբերի 31-ին: Տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել էր 2012-ին, այն IDEA հիմնադրամի կարեւորագույն ծրագրերից մեկն էր, որը ստացել էր Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:
Իմիջիայլոց 3 գիրք-ալբոմների շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում Վրաստանի փոխդեսպան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նինո Ապցիաուրին: Նա ողջունեց IDEA հիմնադրամի նախաձեռնությունը եւ ասաց, որ երկու ժողովուրդներին շաղկապում է սերը:
Գրական հայերենով խոսող տիկին Ապցիաուրին հավելեց, որ ուրախ էր ներկայացված գրքերում գտնել իր սիրելի ուսանողների անունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ