Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է 3 քրեական գործ՝ թիվ 10 ընտրատարածքի 3 տարբեր տեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

Դեկտեմբեր 09,2015 19:35

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված ահազանգերի ստուգման արդյունքում դեկտեմբերի 8-ին հարուցվել է 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Դրանք են՝

  1. Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15  ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրկված այն ընտրողների տվյալներ, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

  1. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազություն ահազանգել է՝ թիվ 10/20 ընտրատեղամասում մի ընտանիքի փոխարեն կատարված քվեարկության մասին։ Քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ահազանգում մատնանշված անձանց ինքնությունը՝ Երևան քաղաքի թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Վաչագանի Ասլանյան, Մարիամ Գրիգորի Դեմիրճյան և Անահիտ Սերոժի Հարությունյան, որոնց անվան դիմաց ընտրացուցակներում առկա են եղել ստորագրություններ և, ըստ ահազանգի, նրանց փոխարեն քվեարկել են այլ անձինք։

Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

  1. 2015 թվականի դեկտեմբերի 06-ին «newsbook» լրատվական կայքում հրապարակվել է «Ընտրախախտում 10/14 ընտրատեղամասում տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել» վերտառությամբ հրապարակումը, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվել են համապատասխան միջոցառումներ։

Պարզվել է հոդվածում նշված ընտրողի ինքնությունը, ով թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող  Ժենյա Վաղարշակի Ղասաբօղլյանն է. վերջինս, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Նշված բոլոր երեք քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝  բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեում դեկտեմբերի 8-ի դրությամբ հարուցվել է 5 քրեական գործ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրախախտումների կապակցությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեում ստացված մյուս ահազանգերն ստուգելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031