Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը վիճեց Փաշինյանի հետ իր ունեցվածքի մասին. «Ես էլ կարամ քո-ով խոսամ ու դու-ով խոսամ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2015 18:12

«Գաղտնիք չէր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք,  բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն՝ կարուսելի, սենդվիչնոցի եւ ռեալիթի շոուների վերածելու հայրենիք ունենք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի հումոր արեց եւ խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին:

Նրա խոսքերով՝ «Տարիներ ի վեր շարունակում էր օդում կախված մնալ չստուգված լուրերը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռումպացված լինելու մասին: 1991-ից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները չարաշահել է, անձնական հարստություն եւ ունեցվածք կուտակելու համար՝ դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը: Մասնավորապես, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանը փոքր կենտրոնում նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է եւ փոքր կենտրոնում սրանից բացի շուրջ 20 բնակարան ունի: Ըստ այդ նույն լուրերի, Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ եւ գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, Արտֆուդ ընկերության 50 տոկոսը, Արարատցեմենտի 30 տոկոսը, մի քանի խաղատներ ՀՀ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը նա, ըստ օդում կախված լուրերի, ձեռք է բերել 2007-ին՝ 7 մլն դոլարով, ունի հանգստյան տուն եւ 5 հա հող Ծաղկաձորում, Արտաշատի «Սիրիուս» գործարանի շենքը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման ծառայության շենքը, Արտաշատի գաստրոնոմի շենքը, «Արտաշատպլազա» առեւտրի կենտրոնը, Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքերը, 2500 հա հողատարածքներ Նարեկ, Ուրցաձոր, Քաղցրաշեն համայնքներում եւ այլն: Ըստ լուրերի, այս ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով:

Շարունակում են օդում կախված մնալ նաեւ Հովիկ Աբրահամյանի կողմից ընտրակեղծարարների խմբերը եւ նրանց կատարած կեղծարարությունները պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մասին մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Հորդորում եմ ՀՀ վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիներին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել հանրությանը, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր սրա համար»:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մի կախված մարդ ուզում է մեր այսօրվա լավ տրամադրությունը փչացնի, բայց ես իմ հայտարարագրից ավել ինչ ունեմ, որ այդ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե էդ ինչի՞ հաշվին էր ձեր տրամադրությունը ըտենց լավ:

Վարչապետը կատակեց, թե «քո հաշվին»: Նիկոլ Փաշինյանն էլ ուղղեց՝ «քո չի, դուք ա, պարոն վարչապետ, եթե ուզում ես, ես էլ կարամ քո-ով խոսամ ու դու-ով խոսամ: Ես էլ կանցնեմ դու-ի»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետը նույնիսկ իր հայտարարագրածն է հերքում. «Դուք 2006-ի հայտարարագրով գրել եք, որ գյուղմթերքների իրացումից 1 մլն 200 հազար դոլար եկամուտ եք ստացել, բայց 2014-ի մայիսին հերքել եք, որ այդպիսի հայտարարագիր չեք ներկայացրել: Մինչդեռ այդ հայտարարագիրն իմ ձեռքի տակ է: Ինչ վերաբերում է կախվածներին, ձեզ խորհուրդ եմ տալիս չկախվել եւ նման պիտակավորումներ ձեզ թույլ չտալ»:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Փաշինյանին, որ իջնեն հողի վրա, խոսեն. «Կոնկրետ ես ինչ ստորագրել եմ, ինչ հայտարարագրել եմ, թաքցնելու որեւէ բան չունեմ: Բայց եթե դուք ուզում եք չստուգված լուրեր հայտարարել, որը ձեր հեղինակությունը կարծում եք կբարձրացնի՝ սխալվում եք»:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, Փաշինյանը չստուգված ամպագոռգոռ հայտարարություններ է անում. «Դա որքանով է կոռեկտ, ճիշտ ու բարոյական՝ թող հանրությունը որոշի: Ինչ ես ունեմ՝ հայտարարագրել եմ: Ես որեւէ կոռուպցիոն սկանդալի, որեւէ պետական միջոցները չարաշահելու միջոցով հարստություն չեմ դիզել: Ինչ վերաբերում է հողից բերք ստանալուն՝ այո, շատ մարդիկ ոչ թե 1 մլն, այլ 11 մլն են վաստակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031