«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսափողին մոտեցավ համակարգչով եւ բարձրախոսը մոտեցրեց համակարգչին, որ լսվի իր տեսանյութը:
Գալուստ Սահակյանը միանգամից հորդորեց անջատել խոսափողը:
Տեսնելով, որ Զարուհի Փոստանջյանն անդրդվելի է, Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճում ներկաներին ասաց. «Հեսա կանցնի, համբերեք»:
Կառավարության անդամները ծիծաղում էին:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը Գալուստ Սահակյանին ասաց. «Ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետեւ այդպիսի դրսեւորումները ձեզ չեն գեղեցկացնում, առավել եւս, ձեր հետեւից շատ տգեղ բաներ են արտահայտում, իսկ ես չեմ ցանկանում այդ տգեղ արտահայտությունները լսել»:
Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Կարեւորը, որ ձեր դիմացից են ասում»:
Զարուհի Փոստանջյանը բացատրեց, որ ուզում էր այնպես անել, որ իր պատրաստած այդ ժապավենն անպայման լսեին: Այն շուտով տեղադրվելու է համացանցում: Կոչ է, որը արվելու է Ազատության հրապարակում տեղի ունենալիք համաժողովին. «Դա համապետական անհնազանդության երկրորդ միջոցառումն է լինելու, որով պետք է կաթվածահար անենք գործող ռեժիմը: Հիմա հարցս ուղղում եմ մեծահարուստ այս կառավարության անդամներին: Ես ուրախ եմ, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ, բայց այդ մարդիկ իրենք էլ պետք է մասնակցեն ՀՀ ազատությանը»:
Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատվեց, բայց նա շարունակում էր խոսել եւ հորդորել, որ կառավարության անդամները հայցեն ժողովրդի ներողամտությունը:
Գալուստ Սահակյանը Փոստանջյանի հարցը համարեց մշակութային միջոցառում: Դահլիճում աղմուկը չէր դադարում, հնչում էին փոխադարձ կշտամբանքներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ